Հայաստանն այս տարի հատուկ հյուրի կարգավիճակով է մասնակցելու Վարշավայի գրքի ցուցահանդես- տոնավաճառին, Լեհաստանում անցկացվելիք ծրագրերի վերաբերյալ խոսակցության ժամանակ ՀՀ-ում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկուն հայտնել է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Դեսպանի հետ զրույցի ժամանակ նախարարը նշել է, որ այժմ այդ ուղղությամբ տարվում են նախապատրաստական աշխատանքներ, մշակվում է Հայաստանի տաղավարի հայեցակարգը: Նախարարը նաև առաջարկեց Վարշավայի ազգային գրադարանում, ինչպես եվրոպական այլ երկրների ազգային գրադարաններում, կազմակերպել հայ հնատիպ գրքի ցուցահանդես` ներկայացնելով նաև Վարշավայի գրադարանի ֆոնդերում պահվող հնատիպ հայալեզու գրականությունը:
Դեսպան Զդիսլավ Ռաչինսկու առաջարկով կողմերն անդրադարձան նաև Լեհաստանում ընթացիկ տարվա ամռանն անցկացվելիք ազգագրական փառատոնին հայկական կողմի մասնակցության, ինչպես նաև Երևանում առաջին անգան լեհական ազգագրական երգի պարի համույթի ելույթների հնարավորության հարցին: Նա նախարարին տեղեկացրեց նաև Լվովում լեհ ճարտարապետ վերականգնողների կողմից հայկական պատմամշակութային հուշարձանում վերականգնողական աշխատանքների իրականացման մասին և ցանկություն հայտնեց Երևանում կազմակերպել գործընթացին նվիրված ցուցահանդես, հայտնում է նախարարության պաշտոնական կայքը:






