AM
25 January 2012 - 08:19 AMT

Ադրբեջանի ԱԳՆ. ԵԱՀԿ ՄԽ ձևաչափն անփոփոխ է մնում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը ներկայումս մնում է անփոփոխ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղար Էլման Աբդուլլաևը՝ պատասխանելով այն հարցին, թե կկարողանա արդյոք ադրբեջանական կողմը քննարկել ՄԽ-ում համանախագահությունից Ֆրանսիային զրկելու հարցը՝ Ֆրանսիայի Սենատում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո:

Նա նշել է, որ Ֆրանսիան ակտիվորեն մասնակցում է այդ տարածաշրջանի գործընթացներին: «Սակայն, Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության մասին օրինագծի ընդունումը բացասական կանդրադառնա երկրի անաչառության վրա»,-ասել է Էլման Աբդուլլաևը:

Նա հայտնել է, որ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սենատի որոշման կապակցությամբ: Հայտարարությունն ուղղվել է արտերկրում Ադրբեջանի դեսպանատներին ու ԶԼՄ-ներին:

«Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի վերաբերմունքն այդ հարցին բացասական է: Պաշտոնական Բաքուն վճռականորեն դատապարտում է Ֆրանսիայի Սենատի որոշումը: Մենք գտնում ենք, որ դա հակասում է խոսքի ազատությանը, մարդու իրավունքներին, ժողովրդավարության մյուս սկզբունքներին: Դա վնասում է Ֆրանսիայի մասնակցությանը մի շարք տարածաշրջանային նախագծերին»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է SalamNews-ը: