AM
25 Հունվար 2012 - 09:45 AMT

Ռոման Սիմովիչ. Հույս ունեմ, որ Կորնգոլդի ջութակի կոնցերտը դուր կգա հայ հանդիսատեսին

Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար, հայտնի ջութակահար Ռոման Սիմովիչը, ով հունվարի 26-ին ելույթ է ունենալու Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան), կատարելու է Կորնգոլդի ջութակի կոնցերտը: Այդ ստեղծագործությունը Հայաստանում կատարվելու է առաջին անգամ: Մամլո ասուլիսի ժամանակ ջութակահարը նշեց. «Ես պետք է ասեմ, որ առաջին անգամ են Հայստանում և շատ ոգևորված եմ: Շատ լավ բան եմ լսել նվագախմբի մասին: Մենք նվագում ենք մի ստեղծագրծություն, որը շատ հիանալի, շատ գեղեցիկ, թեթև և հեշտ լսելի է: Հույս ունեմ, այն դուր կգա հայ հանդիսատեսին»:

Սիմովիչը երևանյան համերգից հետո մեկնելու է Լոնդոն, նվագախմբի հետ համերգներին պատրաստվելու համար: Բացի դրանից, նա աշխարհի տարբեր նվագախմբերի հետ ելույթ է ունենում որպես մենակատար և ունի կվարտետ:

Ռոման Սիմովիչը Լոնդոնի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմեյստերն է: Նա համարվում է ժամանակի ամենավիրտուոզ ջութակահարներից մեկը, ով հիանալի կերպով զգում է երաժշտությունը: Ելույթ է ունենում աշխարհի ամենահայտնի բեմերում և նվագախմբերի հետ, հաղթել բազմաթիվ մրցույթներում:

2005թ. Ռոդոլֆո Լիպիցերի անվան ջութակահարների միջազգային մրցույթում արժանացել է առաջին մրցանակի, Սիոն Վալեի (Շվեյցարիա), Յամպոլսկու անվան (Ռուսաստան) և Վենյավսկու անվան (Լեհաստան) ջութակահարների միջազգային մրցույթներին ստացած մրցանակները համալրում են նրա պարգևների շարքը` դասելով Սիմովիչին իր սերնդակիցների լավագույն ջութակահարների շարքում:

Նրան տարբեր լրատվամիջոցները կնքել են տարբեր մականուններով, որոնք ներկայացնում են Սիմովիչ անհատին և երաժշտին: