AM
25 Հունվար 2012 - 10:03 AMT

Վլադիմիր Զախարով. Ժամանակն է, որ Թուրքիան հրապարակի երիտթուրքերի մասին արխիվները

Ֆրանսիայի Սենատի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին իսկապես պատմական իրադարձություն է: Այդ մասին հայտարարել է ՌԴ Սևծովյան և Կասպից տարածաշրջանի հետազոտական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Զախարովը: «Ֆրանսիայի որոշումից հետո այլևս ոչ ոք չի կարող ասել, թե Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունները միայն հայկական կողմի տեսակետն են»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ մյուս երկրները ևս կգնան այդ ճանապարհով:

Փորձագետը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին բացել արխիվներն ու արդար հետազոտություն կատարել: «Ժամանակն է, որ Թուրքիան հրապարակի երիտթուրքերի մասին արխիվները»,-ասել է Զախարովը:

Իր հերթին ՌԳԱ արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հետազոտական կենտրոնի գիտաշխատող, քաղաքագետ Անդրեյ Արեշևը նշել է, որ Անկարայի սպառնալիքները արդյունք չեն տա: «Իրավիճակը թուրք-ֆրանսիական հարաբերություններում կկայունանա: Եթե Թուրքիան որոշել է խաղալ Արևմուտքի կանոններով, ապա պետք է փոխի իր քաղաքականությունը»,-ասել է նա:

Արեշևը հավելել է, որ այժմ իրավիճակը փոխվել է և Թուրքիան արդեն այն դերակատարությունը չունի, ինչ 20-30 տարի առաջ: «Այժմ զգացմունքային մոտեցումը իրավիճակին ապակառուցողական է: Հարկավոր է հավասարակշռված քաղաքականություն ձևավորել»:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»: Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք: 2011թ դեկտեմբերին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի ԱԺ կողմից:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում: