AM
25 Հունվար 2012 - 11:49 AMT

Անսիի փառատոնում կայանալու է Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի հետահայաց ցուցադրությունը

Ֆրանսիայի Անսիի միջազգային անիմացիոն փառատոնի շրջանակում կայանալու է hայ անվանի մուլտիպլիկատոր Ռոբերտ Սահակյանցի մուլտֆիլմերի հետահայաց ցուցադրությունը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց մուլտիպլիկատորի որդին, Robert Sahakyants Production ընկերության ղեկավար Դավիթ Սահակյանցը:

Նա մանրամասնեց, որ ցուցադրությունն իրականանալու է փառատոնի ղեկավարության հետ 8-ամսյա բանակցությունների և նամակագրության արդյունքում: Փառատոնն այս տարի տեղի է ունենալու հունիսի 4-9-ը, իսկ Սահակյանցի աշխատանքների հետահայաց ցուցադրության օրը պարզ է դառնալու ապրիլ ամսին:

Փառատոնում ցուցադրվելու է 11 ֆիլմ, ընդհանուր 1.5 ժամ տևողությամբ: Սահակյանցի խոսքով, այժմ պատրաստվում են այդ ֆիլմերը, լավագույն որակով փառատոնին ներկայացնելու համար: Ցուցադրվող ֆիլմերից են «Խոսող ձուկ», «Աղվեսագիրք», «Սեղմակոճակ», «Կացինը» և այլ ճանաչված և սիրված մուլտֆիլմեր:

Անվանի մուլտիպլիկատորը 2 անգամ մասնակցել է Անսիի փառատոնին` 1970-ականներին և 1990-ականներին: Անսիի միջազգային անիմացիոն փառատոնը հիմնադրվել է 1960 թ-ին և ավանդաբար այն անցկացվում է հունիս ամսին: Մինչ 1998 թ-ը անցկացվում էր 2 տարին մեկ, այնուհետև այն դարձավ ամենամյա: Այն համարվում է աշխարհի ամենահայտնի անիմացիոն փառատոներից մեկը և Անիմացիոն ֆիլմերի միջազգային ասոցիացիայի 4 հովանավորվող փառատոներից մեկը: Այն ունի հետևյալ անվանակարգերը. «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն հեռուստատեսային կամ գովազդային նախագիծ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» և 2002 թ-ից սկսած «Լավագույն ինտերնետային ֆիլմ»:

Ռոբերտ Սահակյանցը ծնվել է 1950 թ. օգոստոսի 30-ին, Բաքվում: 1964 թ.-ից ապրել է Երևանում: 1970 թ. աշխատել է «Արմենֆիլմ» կինոստուդիայում: Նա իր բոլոր, մոտավորապես 30 ֆիլմերի, ինչպես նաև ОРТ-ի համար նկարահանած տեսահոլովակների, և հայկական հեռուստատեսության մոտ 70 ֆիլմերի սցենարիստն էր, և գեղարվեստական բեմադրիչը, նա նաև «Արմենֆիլմ» կինոստուդիայում նկարահանված անիմացիոն այլ ֆիլմերի համահեղինակն է եղել:

Նրա ֆիլմերն արժանացել են միջազգային և համամիութենական կինոփառատոների մրցանակների` Ֆրանսիայում, Իտալիայում, Իսպանիայում, Գերմանիայում, Ճապոնիայում, ինչպես նաև նախկին ԽՍՀՄ քաղաքներում` Կիևում, Երևանում, Մոսկվայում, Տալինում:

Ռոբերտվ Սահակյանցը մահացել է 2009 թ. սեպտեմբերի 24-ին, Երևանում, սրտի դժվարին վիրահատությունից հետո: