AM
30 January 2012 - 08:18 AMT

Այդին Միրզազադե. Ֆրանսիայի ներկայությունը ԵԱՀԿ ՄԽ-ում կախված է այդ երկրի հետագա գործողություններին

ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի գործունեության շարունակությունը կախված է այդ երկրի քայլերից: Այդ մասին, ինչպես հայտնում է AZE.az-ը, հայտարարել է Ադրբեջանի միլի մեջլիսի անվտանգության ու պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ, «Ենի Ադրբեջանի» քաղխորհրդի անդամ Այդին Միրզազադեն՝ մեկնաբանելով որոշ թուրքական ԶԼՄ-ների լրատվությունն այն մասին, որ Ադրբեջանի կողմից բացակայում է Ֆրանսիային ՄԽ-ից հեռացնելու մասին որոշումը:

Միրզազադեն նշել է, որ Ֆրանսիային ԵԱՀԿ ՄԽ հեռացնելու համար բավական է միայն Ադրբեջանի բողոքը և հավելել է, որ Ֆրանսիայի Սենատի հունվարի 23-ի որոշումից հետո, այդ երկիրը կորցրել է վստահությունը որպես ՄԽ համանախագահ: Ըստ նրա, Ֆրանսիան չկարողացավ օբյեկտիվ ու անաչառ դիրքորոշում որդեգրել:

«Այժմ Մինսկի խմբից Ֆրանսիային հեռացնելու հարցը լուրջ քննարկումների առարկա է դարձել Ադրբեջանում: Եթե Ֆրանսիայի նախագահը ստորագրի Սենատի որոշումը, ապա կարելի է լուրջ քննարկել այդ հարցը: Այդ քննարկումներն Ադրբեջանի օրակարգում են և Ադրբեջանը դրա իրավունքն ունի: Ամեն ինչ կախված է գործընթացների հետագա ընթացքից: Դա ոչ միայն Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության մասին օրինագծի ստորագրումն է, կան նաև այլ հարցեր: Մյուս կողմից, եթե 20 տարում Ֆրանսիայի գործունեությունը ՄԽ-ում օգուտ չտվեց, ապա արժէ՞ արդյոք այժմ թողնել նրան խմբում: Գուցե կա ավելի արդյունավետ ձևաչափ, այլ տարբերակներ: Այժմ սրանք ամենաքննարկվող թեմաներն են Ադրբեջանում»,-ասել է պատգամավորը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների,այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ընդհանուր առմամաբ քվեարկել են 213 սենատորներ, որոնցից 127-ը «կողմ», 86-ը «դեմ»:

Օրինագիծը մերժման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո տուգանք:

Թուրքիան շատ ցավագին արձագանքեց օրինագծի ընդունմանը՝ հայտարարելով, թե կսառեցնի համագործակցությունը Ֆրանսիայի հետ ամենատարբեր ոլորտներում:

Օրինագծի ընդունման դեպքում Թուրքիայի իշխանությունները սպառնում էին Ֆրանսիայի հետ բոլոր դիվանագիտական կապերի խզումով: Ավելին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Ֆրանսիա, եթե օրինագիծը ընդունվի: