AM
30 Հունվար 2012 - 09:14 AMT

Հունվարի 31-ին հայ երգի սիրահարներին կներկայացվեն Նաղաշ Հովնաթանի երբևէ չկատարված 8 երգեր

Վաղը` հունվարի 31-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում «Սայաթ-Նովա» պետական աշուղական անսամբլը հանրությանը ներկայացնելու է հայ աշուղ Նաղաշ Հովնաթանի ` 8 երգերը, որոնք մինչ այդ չեն կատարվել: Ինչպես մամլո ասուլիսի ժամանակ նշեց անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանը: Նրա խոսքով «Սայաթ-Նովա» մշակութային միությունը 2000 թ-ից սկսած զբաղվել է աշուղական երգերի հավաքագրմամբ և ուսումնասիրությամբ: Միության աշուղական կենտրոնի ղեկավար Էլինար Շահենը նշեց, որ երգերը հավաքվել են աշուղի հայրենիքից` Նախիջևանից դուրս եկած բնակիչներից, ինչպես նաև այլ աշուղներից: Հավաքագրված նյութը հարմարեցվել է հայ աշուղական երգերի տաղաչափին և ստացվել է այն արդյունքը, որը պետք է ներկայացվի հանրությանը: Հովնաթանի երգերից պահպանվել են շուրջ 100-ը, որոնք հրատարակվել են մեկ ընդհանուր ժողովածուի տեսքով: Համերգում հնչելու են նաև աշուղին նվիրված ձոներգեր:

Հայ բանաստեղծ, աշուղ, նկարիչ, ծաղկող, Հովնաթանյան ընտանիքի հիմնդիր Նաղաշ Հովնաթանը (1661–1722 ) ծնվել է Նախիջևանի Շոռոթ գյուղում:

Նախնական կրթությունը ստացել է հոր՝ Հովհաննես վարդապետի մոտ, այնուհետև սովորել է Ագուլիսի Ս.Թովմա վանքի դպրոցում, որտեղ և, ավարտելուց հետո, աշխատել է որպես ուսուցիչ։ Ն. Հովնաթանի կյանքի մասին միակ գրավոր աղբյուրը նրա ավագ որդու՝ նկարիչ և բանաստեղծ Նաղաշ Հակոբի` հոր մահվան առթիվ գրված ողբն է («Ողբամ արտասուօք, կոծով տխրութեան») ։ Հակոբի ողբից ենք իմանում Ն. Հովնաթանի ծննդյան և մահվան տարեթվերը, ինչպես նաև կենսագրական մի քանի փաստեր։

Որոշ ժամանակ ապրել և ստեղծագործել է Թիֆլիսում։ Վրացական աղբյուրների վկայությամբ՝ նա եղել է Վրաստանի Վախթանգ VI թագավորի պալատական երգիչն ու նկարիչը։ Ապրել և ստեղծագործել է նաև Երևանում, որտեղ գրել է «Գովասանութիւն Երևանայ քաղաքին» բանաստեղծությունը։ Ն. Հովնաթանը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Նրա բանաստեղծությունները պահպանվել ու մեզ են հասել բազմաթիվ ընդօրինակություններով։ Այն ձեռագրերի թիվը, որոնցում առկա են նրա ստեղծագործությունները մեծ կամ փոքր խմբերով, անցնում է հինգ տասնյակից։ Դրանցից առավել հարուստ և ամբողջական են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի №3263, №4426 և Վիեննայի Մխիթարյանների մատենադարանի №647 և №587 ձեռագրերը։ Ն. Հովնաթանի բանաստեղծությունները կարելի է բաժանել մի քանի խմբի՝ սիրո, գարնան, ուրախության և խոհական–խրատական։