AM
30 Հունվար 2012 - 13:27 AMT

«Կարին» համույթը կներկայացնի վերջին տարիներին ուսումնասիրված ազգագրական պարեր

Փետրվարի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունենալու «Կարին» ավանդական երգի և պարի համույթի «Դարձ յարմատս» (վերադարձ դեպի արմատներ) խորագրով համերգը: Համերգում ներկայացվելու են վերջին տարիների ընթացքում համույթի կատարած ուսումնասիրությունների արդյունքները:

Համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ ուսումնասիրություններն իրականացվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի ֆինանսավորվորմամբ: Ուսումնասիրվել են ավելի քան 30 պարեր, որոնցից 20-ը ամբողջովին նոր են, կամ այլ մեկնաբանություններով:

2010թ-ից համույթը Հայաստանի չորս մարզերում` Գեղարքունիքում, Շիրակում, Արարատում և Արագածոտնում ուսումնասիրել են ազգագրական պարեր: Գիտական մասն ավարտվել է տարեվերջին: Գինոսյանի խոսքով նա ընտրել է այն մարզերը, որտեղ առավել հարուստ նյութ կա: Նրա խոսքով, հիմնադրամի աջակցությամբ ծրագիրը մոտենում է ավարտին, սակայն նա շարունակելու է իր ուսումնասիրությունները, քանի որ համոզված է, որ ուսումնասիրելու շատ բան կա: Առաջիկա ուսումնասիրությունները կատարվելու են Լոռու մարզի 2 գյուղերում: