Վերջերս Սոչիում կայացած Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպման ամենահետաքրքիր իրադարձություններից էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը առ այն, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը ճանաչեցին «մաքսիմալիստական դիրքորոշումներից» հեռանալու անհրաժեշտությունը և «պատրաստամակություն հայտնեցին արագացնել աշխատանքը ընդհանուր սկզբունքների վրա, որպեսզի հետագայում այդ բազայի հիման վրա անցնեն իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղ համաձայնագրի մշակմանը»:
Հասկանալու համար, թե ինչ «վտանգ» կա Լավրովի այս խոսքերում, պետք է սկզբից պարզել, թե որն են կողմերի «մաքսիմալիստական» դիրքորոշումները, որոնց մասին արդեն բազմիցս ասվել է: Պաշտոնական Բաքվի դիրքորոշումն է՝ ոչ մի կարգավիճակ Լեռնային Ղարաբաղին «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունից դուրս, հակառակ դեպքում՝ պատերազմ»: Հայաստանի դիրքորոշումն է՝ միայն ԼՂՀ կարգավիճակի սահմանումից հետո (կարգավիճակ ասելով հայկական կողմը հասկանում է միայն անկախություն) կարող է խոսք գնալ այլ հարցերի և իրավաբանորեն պարտավորեցնող խաղաղ համաձայնագրի մշակման մասին:
Այսպիսով, ակամայից կասկած է առաջնում, որ համանախագահների, առաջին հերթին Ռուսաստանի, ճնշման ներքո, բանակցություններում առաջընթաց գրանցելու համար Հայաստանը կարծես թե կասկածի տակ է առնում ԼՂՀ կարգավիճակի որոշման հարցը մինչ խաղաղ համաձայնագրի կնքումը: Մասնավորապես, նման կարծիք է հայտնել ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, որը բացասական է գնահատել Սոչիի հանդիպման արդյունքները՝ հայտարարելով, թե դա «ադրբեջանական դիվանագիտության հաղթանակն էր»:
«Իսկ եթե մեզ խրատում են, թե ինչ պահանջենք կամ չպահանջենք, ինչ է մեզ հասնում կամ չի հասնում, անկախ նրանից, համապատասխանում է դա մեր ազգային անվտանգությանը կամ ոչ՝ դա արդեն վատ է»,-ասել է նա:
Իր հերթին հայ փորձագետների մեծ մասն ու ՀՀԿ ներկայացուցիչները հայտարարեցին, որ Սոչիի եռակողմ հանդիպման արդյունքները համահունչ են հայկական կողմի դիրքորոշմանը և որ ՌԴ ԱԳ նախարարի խոսքերն ուղղված են Ադրբեջանին:
Մասնավորապես ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է Լավրովի խոսքերը՝ հայտարարելով, թե «մեր փոխզիջման սահմանագծի մասին մենք արդեն խոսել ենք՝ ԼՂՀ անկախութայնն այլընտրանք չկա, ԼՀՂ անկախության միջազգային ճանաչումից հետո Արցախի ժողովուրդը ղեկավարության գլխավորությամբ ինքը կորոշի, թե ինչ փոխզիջումների կարող է գնալ»:
Մնում է միայն հուսալ, որ ՀՀ իշխանությունների խոսքը չի տարբերվի գործից, և որ Հայաստանն ոչ մի հանգամանքներում և ցանկացած ճնշման տակ հարցականի տակ չի դնի ԼՂՀ անկախության կարգավիճակի հարցը: Իսկ որ ճնշումներ լինելու են, ընդ որում ինչպես ռուսական կողմից, այնպես էլ արևմտյան, կարելի է չկասկածել:
ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը արդեն նախորդ տարվանից հայտարարեց իր հավակնոտ ծրագրերի մասին՝ ինտեգրացիոն գործընթացի հետխորհրդային տարածքում, Եվրասիական միություն ստեղծելու մտադրության մասին: Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո, նա կրկնակի եռանդով կլծվի այդ ծրագրի իրագործմանը: Այստեղ որոշակի վտանգ կա, որ Լեռնային Ղարաբաղը կարող է «մանրադրամ» դառնալ Ռուսաստանի համար, որը ցանկանում է ստանալ Ադրբեջանի համաձայնությունը այդ գործընթացին միանալու վերաբերյալ: Չէր որ Ռուսաստանն այլ բան չունի առաջարկելու Բաքվին, բացի բանակցություններում Հայաստանի վրա ճնշում գործադրելուց: Իսկ այն, որ Հայաստանին հեշտությամբ կհաջողվի «կոտրել» այդ գործընթացին մասնակցելու հարցում, Ռուսաստանում, հավանաբար, վստահ են՝ հաշվի առնելով ՌԴ ուժեղ ազդեցությունը երկրում:
Իսկ Արևմուտքը ձգտելու է հասնել ղարաբաղյան կարգավորման, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի առաջընթացի հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործում, որի նպատակն է թուլացնել Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի վրա: Այս ամենի բնական զարգացումը կլինի Ռուսաստանի դուրս մղումը Հարավային Կովկասից, որի արդյունքում այս կարևոր աշխարհաքաղաքական տարածաշրջանը կհայտվնի Արևմուտքի ազդեցության տակ:






