Փետրվարի 2-ին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում` հուշապատի մեջ կամփոփվի արևմտահայ վաղամեռիկ բանաստեղծ Պետրոս Դուրյանի մասունքը` գանգի բեկորները: Արարողության համար Պոլսի Սկյուտարի հայոց գերեզմանատնից` բանաստեղծի շիրմից հող է բերվել: Դուրյանի մասունքը հողի հետ խառնված, սափորով կամփոփվի հուշապատում` հոգեհանգստի արարողությամբ: ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ գրողների միության, ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համատեղ քննարկումների արդյունքում որոշում է կայացվում Պետրոս Դուրյանի մասունքն ամփոփել Երևանի Կոմիտասի անվան պանթեոնի հուշապատի մեջ: 1957 թ. Ստամբուլի քաղաքապետարանի որոշմամբ Սկյուտար թաղամասի Ս. Խաչ եկեղեցու հայկական գերեզմանատան մի հատվածը հատկացվում է նոր ճանապարհի կառուցմանը: Պոլսի Հայոց պատրիարքարանը հոգացել է, որպեսզի անցկացվելիք ճանապարհի հատվածում հայտնված շիրիմները տեղափոխվեն գերեզմանատան խորքը: Նշյալ շիրիմների թվում է եղել նաև Պետրոս Դուրյանի շիրիմը` իր մահարձանով: Պատրիարք Գարեգին Խաչատուրյանի կարգադրությամբ բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել են պատրիարքարան և ավելի քան 10 տարի պահվել այնտեղ: 1960-ական թթ. վերջերին հաջորդ պատրիարքը` Շնորհք Գալուստյանը մասունքը գաղտնի բերում և հանձնում է Վազգեն Ա կաթողիկոսին, ով էլ իր հերթին 1969 թ. այն ի պահ է հանձնում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին: 1970 թ. թանգարանի գիտական խորհուրդը որոշում է կայացնում դիմել մարդաբան Անդրանիկ Ճաղարյանին` գանգի ոսկրերի միջոցով Պ. Դուրյանի դիմապատկերը վերականգնելու առաջարկով: Որոշման համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ բանաստեղծը լուսանկար չի ունեցել:
Ճաղարյանը վերականգնել է Դուրյանի դիմապատկերը, ստեղծել կրկնակ դիմաքանդակ, այնուհետև գանգի ոսկրերը վերադարձրել է թանգարան: Այս տարիներին պարբերաբար քննարկման առարկա է դարձել Դուրյանի մասունքը ամփոփելու հարցը: 2011 թ. Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը առաջարկությամբ դիմել է ՀՀ մշակույթի նախարարությանը` մասունքը Կոմիտասի անվան պանթեոնում ամփոփելու համար:






