AM
1 February 2012 - 17:26 AMT

Էրդողան. Թուրքիան չի լռելու իսլամաֆոբիայի սպառնալիքի առջև և Եվրոպային կոչ է անում դրա դեմ միջոցներ ձեռնարկել

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ֆրանսիայի Սահմանադրական դատարանը ոչ սահմանադրական կճանաչի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, այդ մասին նա հայտնել է իշխող Արդարության և զարգացման կուսակցության խմբակցության նիստում:

«Այդ ամենն արվում է հանուն ընտրությունների մի փոքրիկ մարդու կողմից, որն իր նախընտրական քարոզարշավը կառուցել է թշնամանքի վրա: Այդ օրենքը շատ վտանգավոր և վնասակար է: Բայց Թուրքիան չի լռելու իսլամաֆոբիայի սպառնալիքի առջև և Եվրոպային կոչ է անում դրա դեմ միջոցներ ձեռնարկել: Իսլամաֆոբիայի վրա իրենց նախընտրական քարոզարշավը կառուցած քաղաքական գործիչները մեծ վնաս են հասցնում եվրոպական արժեքներին»,- հայտնել է Էրդողանը:

Հունվարի 23-ին Ֆրանսիայի Սենատը կողմ է քվեարկել ցեղասպանությունների, այդ թվում` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: 2011թ. դեկտեմբերի 22-ին օրինագիծն ընդունվել էր Ֆրանսիայի Ազգային ժողովում: Օրինագծի հեղինակը պատգամավոր Վալերի Բուայեն է: Ինչպես հաղորդել են Ելիսեյան դաշտերից, նախագահն օրինագիծը կստորագրի 14 օրվա ընթացքում:

Թուրքիան շատ ցավագին ընդունեց այդ օրինագծին Սենատի հավանություն տալը` հայտարարելով Ֆրանսիայի հետ քաղաքական, ռազմական և տնտեսական համագործակցության սառեցման մասին: