Բրայն Սելիզնիկի «Հյուգո Կաբրիեի հայտնագործությունը» ստեղծագործության հիման վրա նկարահանված Մարտին Սկորսեզեի «Հյուգո» ֆիլմը ռուսական պրակատում հայտնվեց «Ժամանակի պահապանը 3D» անունով: Այն 2012 թվականի Օսկարի մրցանակաբաշխության առաջատարն է իր ամենաշատ` 11 արձանիկների հավակնությամբ:
Ֆիլմի մասին կարելի է գրել 2 բառով` Մարտին Սկորսեզեի հերթական գլուխգործոցը, և դրանով արժանացնել բոլորի ուշադրությանն ու վստահ լինել, որ այն նայելու հնարավորությունը բաց չի թողնի և ոչ մի կինոսիրող: «Յուրաքանչյուր պատմություն արժանի է մանրադիտակով անցկացնելուն»,- ֆիլմի մասին ասում է հանրաճանաչ ռեժիսորը: Ֆիլմը դիտելիս պարզ է դառում, թե նա ինչ նկատի ուներ. ոչ մի կադր, ոչ մի մանրուք չի վրիպել մեծն ռեժիսորի մանրադիտակից: Անցած դարի 20-ական թվականների Փարիզը, ավելի ճիշտ` նրա մի երկաթուղային կայարանը ակարդիոնի երաժշտության ներքո պատկերվում է այնպիսի մանր ճշգրտությամբ, որին կնախանձեին ժամանակի լուսանկարիչներն անգամ:
Ֆիլմը պատմում է մի որբ տղայի` Հյուգոյի (Ասա Բատերֆիլդ) կյանքից մի տխուր դիպվածի մասին, որը զարմանալիորեն կապվում է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ժորժ Մելիեսի (Բեն Կինգսլի) ոչ պակաս տխուր պատմության հետ: Իր ժամանակի մեծ աճպարարն ու համեստ կախարդը այժմ կայարանում գտնվող մի փոքրիկ արհեստանոցում խաղալիքներ է նորոգում: Միայն ժամանակ առ ժամանակ նրա սառած հայացքը կայարանի ամենօրյա խառնաշփոթի ու աղմուկի մեջ կարծես փնտրում է այն հրաշքները, որ ինքն է ստեղծել ու պահ տվել ամենակարող ու տեր- տիրակալ ժամանակին:
Մեծ վարպետի ու որբ տղայի հանդիպումից հետո պատերազմի պատճառով անգործացած կախարդը նորից սկսում է հավատալ «կինեմատոգրաֆ» անունով այն մեծ հրաշքին, որը ոչ այլ ինչ է, քան ժամանակի պահապանն ու տիրակալը:
2012 թվականի Օսկար մրցանակաբաշխությանը ֆիլմն առաջադրվել է հետևյալ անվանակարգերում` «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն ադապտացված սցենար», «Օպերատորական լավագույն աշխատանք», «Լավագույն մոնտաժ», «Լավագույն ձայն», «Ձայնի լավագույն մոնտաժ», «Լավագույն հատուկ էֆֆեկտներ», «Ֆիլմի լավագույն երաժշտություն», «Ֆիլմի լավագույն գեղարվեստական ձևավորում» և «Լավագույն հագուստ»:






