ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձեւերի անտեսումը Հայաստանի կողմից մարտահրավեր է հանդիսանում միջազգային իրավակարգին եւ իրական սպառնալիք տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի ժամանակ: Ընդ որում նա կոչ է արել միջազգային հանրությանը «դատապարտել եւ պատասխանատվության ենթարկել» այն երկրներին, որոնք նման դիրքորոշում ունեն: Նշելով Ադրբեջանի ակտիվ մասնակցությունը հակաահաբեկչական կոալիցիային, Խալաֆովը հայտարարել է, որ միջազգային ահաբեկչության, անջատողականության, ագրեսիվ ազգայնականության եւ էքստրեմիզմի դեմ պայքարը «պետք է տարվի անընդհատ եւ ամենուր»: