2011թ արդյունքներով Հայաստանի զբոսաշրջային ոլորտում պահպանվել են դինամիկ զարգացման տեմպերը: Համաձայն պաշտոնական տվյալների, 2011թ Հայաստան են այցելել ավելի քան 750 հազար զբոսաշրջիկներ, ինչը 10.3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ: Այս մասին ամփոփիչ մամուլի ասուլիսում հայտարարել է էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը:
«2012-ը համաշխարհային զբոսաշրջության համար կարևոր տարի է լինելու, քանի որ սպասվում է, որ զբոսաշրջային հոսքը գերազանցելու է 1 մլրդը: Հայաստանի համար ևս այս տարին նշանակալի կլինի, մենք կգերազանցենք 800 հազար զբոսաշրջային այցելությունների ցուցանիշը»,-հայտարարել է նա:
Արա Պետրոսյանը հավելել է, որ Հայաստանում ոլորտի հաջողությունների ավելացման համար անհրաժեշտ է բարձրացնել ծառայությունների մակարդակը, հայկական զբոսաշրջության մրցունակությունը` նոր ծառայությունների հաշվին:
Անդրադառնալով իրականացված աշխատանքներին` նա ընդգծել է, որ հաջողություններ են գրանցվել համապատասխան ենթակառույցների ստեղծման ոլորտում, մասնավորապես հյուրանոցային բրենդերի` հայկական շուկա ներմուծման բանակցություններում:






