AM
11 Փետրվար 2012 - 09:03 AMT

Նաիրա Զոհրաբյան. ԵԺԿ-ին ԲՀԿ անդամակցության մերժումը կապված չէ Ծառուկյանի և Լուկաշենկոյի բարեկամության հետ

Կոալիցիոն ԲՀԿ կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ժամանակ» թերթին մեկնաբանել է ԲՀԿ-ի` ԵԺԿ-ին անդամակցելու հայտի մերժումը: Լրագրողի այն հարցին, արդյոք հայտի բավարարմանը խոչընդոտել են Գագիկ Ծառուկյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի սերտ հարաբերությունները, Զոհրաբյանը պատասխանել է. «Չեմ կարծում, քանի որ Ծառուկյանի և Լուկաշենկոյի հարաբերությունները քաղաքական մոտիվացիա չունեն»:

Ինչ վերաբերում է շշուկներին, թե ԵԺԿ-ին ԲՀԿ անդամակցությանը խոչընդոտել է վարչապետ Տիգրան Սարգսայնը, ապա Զոհրաբյանը չցանկացավ դրանք մեկնաբանել: «Կոնկրետ վարչապետի վերաբերյալ մեկնաբանություններ անել չեմ ցանկանում: Սակայն, եթե այնպիսի լուրջ քաղաքական կառույցը, ինչպիսին է ԵԺԿ-ն, պետք է իր որոշումները կայացներ ասեկոսեների մակարդակում, ապա ես ցավում եմ ԵԺԿ-ի նման կառույցի համար»:

Կոալիցիոն ՀՀԿ, «Օրինաց երկիր» և ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցությունները փետրվարի 9-ին դարձել են Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ:

2011-ին ԵԺԿ-ին անդամակցության հայտ էին ներկայացրել 4 հայկական կուսակցություններ` ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Օրինաց երկիր» և «Ժառանգությունը», և բացի ԲՀԿ-ից, մյուս բոլոր կուսակցությունների հայտերը բավարարվել են: