Ամերիկյան երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դիահերձման ժամանակ նրա թոքերում ջուր է հայտնաբերվել, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Այս փաստը վկայում է այն մասին, որ հայտնի երգչուհին խեղդվել է ջրով լի լոգարանում՝ ննջելով կամ կորցնելով գիտակցությունը: Ջուրը չի լցվում մարդու թոքերը, եթե նա ջրի մեջ է ընկղմվել մահից հետո: Այդ մասին հաղորդել է TMZ ինտերնետ-հրատարակությունը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին Լոս Անջելեսի Բեվերլի Հիլզ թաղամասի ոստիկանությունում:
Դիահերձումը կատարող պաթոլոգոանատոմները որոշում են երգչուհու թոքերում հայտնված ջրի ծավալը: Այդ ցուցանիշը կարող է որոշիչ լինել Հյուսթոնի մահվան ճշգրիտ պատճառը պարզելու համար:
Դրա հետ մեկտեղ հետաքննիչներն առայժմ չեն համարձակվում վերջնական եզրակացություն կատարել՝ արդյոք Հյուսթոնը մահացել է ջուրն ընկղմվելուց առաջ, թե հետո, նշում է TMZ-ն:
Հյուսթոնը մահացել է Լոս Անջելեսլի Beverly Hilton հյուրանոցի համարում, մահն արձանագրել են կանչով դեպքի վայր եկած շտապ օգնության բժիշկները: Երգչուհին 48 տարեկան էր: Մահվան պատճառների մասին պաշտոնական տեղեկատվություն առայժմ չկա: TMZ-ի տվյալների համաձայն, Հյուսթոնը հյուրանոցի աշխատակիցների կողմից հայտնաբերվել է լոգարանում անգիտակից վիճակում: Աղբյուրը հաղորդում է, որ երբ ժամանել է շտապ օգնության ծառայությունը, Հյուսթոնի մարմինն արդեն դուրս էին բերել լոգասենյակից: Երգչուհու համարում նաև հայտնաբերվել են հաբեր, որոնք նրան նշանակել էր բժիշկը: Երգչուհու մահվան պատճառը կկարողանան հաստատել միայն դիահերձումից հետո, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Վերջին տարիներին երգչուհին բուժվում էր թմրանյութային և ալկոհոլային կախվածությունից: Առողջական վատթարացման պատճառով 2010-ին երգչուհու համաշխարհային շրջագայությունը դադարեցվել էր: Նա այդ ժամանակ նոր էր թողարկել իր ամենահաջողված սկավառակը:
2009-ին երգչուհին թողարկեց "I Look To You" ալբոմը, որը Գերմանիայի, Կանդայի, Իտալիայի և այլ հիթ շքերթներում առաջին հորիզոնականներում էր: Նման հաջողության Հյուսթոնը հասել էր 1993-ին, երբ թողարկվել էր «Թիկնապահ» (Bodyguard) ֆիլմի համար գրված իր երգը: 1992-ին նա նկարահանվեց «Թիկնապահ» ֆիլմում գլխավոր դերում՝ սկսելով նաև իր կինոկարիերան: Հետագայում նա ևս մի քանի ֆիլմերում նկարահանվեց:
Ուիթնի Հյուսթոնը համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով: Նա արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի մրցանակ, 23 American Music Awards և 16 Billboard Music Awards: