Երեկ կայացած «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ Apple ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսին hետմահու շնորհվել է «Գրեմմի» մրցանակ՝ երաժշտության բնագավառում իր կատարած ներդրումների համար։
Սթիվ Ջոբսը ստեղծեց այնպիսի արտադրանքներ (iPod, iTunes) և տեխնոլոգիաներ, որոնք հեղափոխեցին երաժշտության շուկան, փոխեցին երաժշտության, ֆիլմերի և գրքերի օգտագործման մարդկանց ընկալումը, գրում է CNET-ը։
Մրցանակն ընդունեց Էդդի Քյուն, որը վերջերս է նշանակվել Apple-ի Ինտերնետ ծառայությունների փոխնախագահ։
«Սթիվի կնոջ, երեխաների և Apple-ի աշխատակիցների կողմից շնորհակալություն եմ հայտնում՝ Սթիվին «Գրեմմի» մրցանակ շնորհելու։ Նրա համար այնքան մեծ նշանակություն ուներ երաժշտությունը։ Նա մեզ ասում էր, որ երաժշտությունն է ձևավորել իր կյանքը, դարձրել նրան այն, ինչ կար։ Սթիվը ոգեշնչվում էր Բոբ Դիլանի և «Բիթլզի. երաշտությամբ։ Սթիվ Ջոբսը նպատակ ուներ հասանելի դարձնել երաժշտությունը բոլորին նորարար ձևերով։ Մենք ամեն օր էինք խոսում այդ մասին։ Երբ նա 2001-ին ներկայացրեց iPod –ը, մարդիկ հարցրեցին՝ «Ինչու՞ է Apple-ն արտադրում երաժշտական փլեյեր»։ Նրա պատասխանը շատ պարզ էր՝ «Մենք սիրում ենք երաժշտություն և միշտ էլ լավ է անել այն, ինչ սիրում ես»,- ասաց Էդդի Քյունը մրցանակը ստանալիս։
Սթիվ Ջոբսը հիմնադրել է Apple ընկերությունը 1976-ին Սթիվ Վոզնյակի և Ռոնալդ Ուեյնոմի հետ։ 1986-ին նա հիմնում է հանրահայտ Pixar անիմացիոն ստուդիան, իսկ վերադառնալով Apple՝ 2000-ից նշանակվում է գլխավոր տնօրեն։ Սթիվ Ջոբսը երկար տարիներ գլխավորում էր Apple-ը։ 2011-ի հոկտեմբերի 5-ին նա մահացավ քաղցկեղից: