«Ժառանգություն» կուսակցության նախագահի տեղակալ Ռուբեն Հակոբյանը, ելույթ ունենալով 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու մասին ընդդիմության առաջարկի վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ, կոչ է արել ուշադրություն դարձնել մեծամասնական համակարգով ընտրված պատգամավորների պասիվությանը: Նա նշել է, որ 2007թ. մեծամասնական համակարգով ընտրված 41 պատգամավորներից 29 ոչ մի անգամ չեն մոտեցել խորհրդարանական տրիբունային, իսկ վերջին երկու համագումարների 97 մեծամասնական պատգամավորներից ավելի քան 70-ը ոչ մի անգամ չեն մոտեցել տրիբունային:
Հակոբյանի խոսքով, իշխանության և մեծամասնական պատգամավորների միջև կա պայմանավորվածություն, որ իշխանությունը վերջիններիս համար ապահովում է բոլոր պայմաններն ընտրվելու համար և աչք փակում խախտումների վրա, իսկ պատգամավորները համամասնական համակարգով ընտրություններում կուսակցության համար ապահովում են ձայների որոշակի տոկոս:
Հակոբյանը նաև հերքել է մեղադրանքները լիովին համամասնական ընտրակարգին անցման` Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ: Նա կոչ է արել օգտագործել այնպիսի ժողովրդավարական երկրների փորձը, ինչպիսիք են Շվեդիան և Դանիան, որտեղ ընտրությունները տեղի են ունենում միայն համամասնական համակարգով, չնայած, որ այդ երկրներում խորհրդարանները միապալատ են:
Ընդդիմադիր «Ժառանգություն» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունները 2011թ. դեկտեմբերի 27-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ կոչ անելով իշխանություններին հրաժարվել մեծամասնական ընտրակարգից և անցնել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Առաջարկին սատարեցին Հայ ազգային կոնգրեսը (ՀԱԿ) և մի շարք այլ ընդդիմադիր ուժեր: ՀԱԿ-ը հաղորդեց նաև, որ այդ գաղափարին աջակցելու համար ծրագրում է խորհրդարանում համամասնական ընտրակարգին անցնելու հարցի քննարկման օրերին հանրահավաքներ անցկացնել:
Կոալիցիոն «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընդդիմադիր ՀՅ Դաշնակցության ու «Ժառանգության» հետ միասին դիմել է ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանին ու ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին՝ խնդրելով խորհրդարանական լսումներ կազմակերպել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու վերաբերյալ:






