«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը գնվելու է 145 հազար ԱՄՆ դոլարով: Գործարքը կայանալու է փետրվարի 22-ին:
Տան սեփականատեր Արշիլ Լեժավան ավելի վաղ համարժեք բնակարան էր պահանջել, Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը թերթին փոխանցել է, որ Լեժավային առաջարկվել է 133 հազար դոլար արժողությամբ բնակարան, սակայն նա հրաժարվել է, իսկ իր ցանկացած բնակարանն արժեր 240 հազար դոլար: Համաձայնության չգալով կողմերը կանգ են առել 145 հազարի վրա:
Գյումրիի քաղաքապետ Վ. Ղուկասյանն այսօր գումարը պետք է փոխանցի ՀԳՄ համահայկական գրական հիմնադրամին:
Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանի Թբիլիսիի տունը գտնվում է Դավիթաշվիլու 18 հասցեում, որում ապրել է Թումանյանը 1909-1923 թթ-ը, իսկ 1952 թ-ին տան իրերը տեղափոխվել են Երևան: 6 սենյակներից 4-ը վերածվել էին գրադարանի, իսկ մյուս 2-ը` մնացել գրողի ժառանգներին: Անկախացումից հետո Վրաստանն այն «պահպանելու համար» պարտք է վերցրել Լեժավա ազգանունով մեծահարուստից, և այն չի մարել, այդ պատճառով այդ պարտքերի դիմաց տունն անցել է նրան: Դեռ 2004 թ-ին Լեժավան առաջարկել է վաճառել այն ընդամենը 25 հազար դոլարով: Այս տարի ևս աղմուկ եղավ, որ իբր բնակարանը ցանկանում է գնել թուրքական մի կազմակերպություն, իր բանվորներին բնակեցնելու համար: Տարվա սկզբին շրջանառվում էր 70 հազար ԱՄՆ դոլար արժեքը: Տունը գնելուց հետո պետք է դառնա հայ մշակութային օջախ:






