Վուդի Ալենը հայտնի է իր հեղինակային կինոյով, կոմեդիկ սցենարներով ու դերակատարումներով, տարբեր ոճերի ու ժամանակաշրջանների խառնուրդից հանճարեղ սցենարներ ստանալու անկրկնելի տաղանդով: Նմանօրինակ մի ֆիլմ էլ ռեժիսորը ներկայցրել է կինոակադեմիայի դատին և գնահատականին 2012 թվականի Օսկարին`«Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսուրա», «Լավագույն սցենար» անվանակարգերում: «Կեսգիշերը Փարիզում» կինոնկարը, որի սցենարի հեղինակն ու ռեժիսորը նույնպես Վուդի Ալենն է` ֆանտաստիկ մելոդրամայի և ֆանտաստիկ կոմեդիայի սինթեզ է:
Երիտասարդ զույգը գալիս է Փարիզ՝ յուրաքանչյուրն իր նպատակներին հետամուտ: Նրանցից մեկն ընդամենը գործեր ունի Փարիզում, իսկ մյուսը երիտասարդ գրող է, որը կինոսցենարներից բացի ոչ մի լուրջ գործ դեռ չի գրել: Չի գրել որովհետև ոգեշնչման աղբյուր է փնտրում, իսկ Փարիզից հարմար տեղ դրա համար դժվար է գտնել:
Երբ մի բանի շատ ես ձգտում, հավատում ես դրան, երազում դրա մասին, ապա այն վաղ թե ուշ իրականանում է, և եթե ոչ արթմնի, ապա երազում հնարավոր է դառնում: Ոգեշնչում փնտրող արվեստագետի համար հայտնվել Փարիզի բոհեմական կյանքի կենտրոնում վեր է ամեն տեսակ երազանքից: Իսկ ֆիլմում հերոսի բախտը բերում է ու երես առ երես հանդիպում է այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Պիկասոն, Դալին, Հեմինգուեյը, Բյունուելը և Փարիզի Ոսկե դարի մյուս մեծերը: Մենք էլ, Վուդի Ալենի ուղեկցությամբ, մասնակիցն ենք դառնում մեծն վարպետի հեղինակած երազին:






