AM
17 February 2012 - 07:05 AMT

Սկսվում է Անահիտ աստվածուհու արձանը Լոնդոնից Երևան տեղափոխելու ստորագրահավաք

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս Անահիտ աստվածուհու արձանի մասունքները Բրիտանական թանգարանից Հայաստան վերադարձնելու նախաձեռնությամբ, հայտնում է հիմնադրամի մամլո ծառայությունը: Այդ կապակցությամբ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը սկսում է ստորագրահավաք։

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպաններ Քեթրին Ջեյն Լիչին և Ջոնաթան Ջեյմս Էյվսին հասցեագրված ուղերձի տեքստում մասնավորապես ասված է. «Մենք՝ ներքոստորագրյալներս, հանդես ենք գալիս հայկական մշակութային և պատմական արժեքները հայրենիք վերադարձնելու նախաձեռնությամբ։ Աշխարհի թանգարաններում այսօր պահպանվում և ցուցադրվում են բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք հայկական մշակույթի նմուշներ են։

Մշակութային այդ արժեքների թվում են Բրիտանական թանգարանում պահպանվող Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և ձեռքերը։ Մենք կոչ ենք անում Հայաստանին վերադարձնել մշակութային այդ մասունքները, քանի որ արվեստի և պատմական արժեքները պետք է պահպանվեն ու ցուցադրվեն այն երկրում, որտեղ ստեղծվել են և որի պատմության կրողներն են»։

Դեսպաններին հղված ուղերձում երախտիքի խոսք է ասվում Մեծ Բրիտանիային՝ հայկական մշակութային ժառանգությունը թուրքական վանդալիզմից փրկելու և պահպանելու համար։ «Սակայն պատմական արդարությունը պահանջում է, որպեսզի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները հայրենադարձվեն և հանգրվանեն ծագման երկրում։ Համոզված ենք՝ Մեծ Բրիտանիան կհարգի մեր նախաձեռնությունը և կվերադարձնի Անահիտ աստվածուհու արձանի մասունքները»,- ասված է ուղերձում։