Համաշխարհային ճանաչում ունեցող երգչուհի Ուիթնի Հյուսթոնի տաղանիդի երկրպագուները երկուշաբթի հավաքվել էին Նյու Ջերսիի նրա գերեզմանի մոտ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ժամ առ ժամ երգչուհուն հրաժեշտ տալ ցանկացողների թիցն աճել է, և ոստիկանությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տեղադրել է մետաղյա պատնեշներ:
Հյուսթոնը հուղարկավորվել է նախորդ կիրակի Ուեսթֆիլդ քաղաքի Ֆերվյու գերեզմանատանը` իր հոր կողքին, ով մահացել էր 2003թ: Արարողությանը ներկա գտնվել թույլ են տվել միայն ընտանիքի անդամներին և ընկերներին, ուստի իրենց կուռքին հրաժեշտ տալու հնարավորություն հազարավոր երկրպագուներ ստացել են միայն երկուշաբթի:
Երեկոյան երգչուհու գերեզմանի մոտ կուտակվել են ծաղիկներ, մոմեր, գրություններ, նկարներ, որոնք ցավակցություն են հայտնում մահվան կապակցությամբ: Միաժամանակ քաղաքի բնակիչները դժգոհություն են արտահայտել` սովորաբար հանգիստ քաղաքում, այդքան մարդկանց կուտակման առնչությամբ:
Ուիթնի Հյուսթոնը մահացել է փետրվարի 11-ին Լոս Անջելեսի «Բևեռլի Հիլթոն» հյուրանոցի իր համարում: Նրա սենյակում գտնվել են դեղերի սրվակներ, գարեջրի և շամպայնի շշեր: Ըստ վարկածներից մեկի, աշխարհահռչակ երգչուհին կարող էր մահացած լինել սրտի կաթվածից: Սակայն մահվան պատճառները դեռևս պաշտոնապես չեն հրապարակվում: Այս մասին կհայտարարվի մի քանի շաբաթ անց` թունաբանական փորձաքննությունից հետո:






