AM
22 Փետրվար 2012 - 07:13 AMT

«Առավոտ». Գյումրիի քաղաքապետը գնացել է Ռիո՝ կառնավալին մասնակցելու

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը 5 օր է 9 հոգանոց պատվիրակությամբ Բրազիլիայում է կամ, ինչպես կասեին գյումրեցիները, Ռիոյի կառնավալում է: «Առավոտը» գրում է, որ այս փաստը տարբեր քննարկումների է արժանացել Facebook-ի «Լեննագանցիք» խմբում: Օգտատերերից շատերին հետաքրքրել է, թե ովքեր են պատվիրակության կազմում և ինչ միջոցներով են այդ թանկարժեք ճամփորդությունը կազմակերպել:

Խմբի անդամներից մեկը, դիմելով լրագրողներին, գրել էր. «Հարգելի լրագրողներ, ձեզ տեսնեմ, կարո՞ղ եք պարզել իմ հարցերի պատասխանները. կա՞ նրանց մեջ գոնե մի պարող, գոնե քաղաքապետարանում պարապե՞լ են սամբա, թե պիտի գնան խայտառակվեն: 2-րդ հարց՝ ի՞նչ գումար է ծախսվել, և 3-րդ՝ այդ գումարով ի՞նչ կարող էին անել Լեննագանում»: Մեկ այլ օգտատեր էլ հումորով հավելել էր. «Գյումրեցիներ, մի քիչ համբերեք, քաղաքապետը Ռիոյի հարցերը լուծե, գուքա փողոցների սառույցը կմաքրե»: