Երեկ` փետրվարի 21-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը:
Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի խոսքով իր համար համերգը կարևոր էր, քանի որ այն նաև նվիրված էր մեծանուն երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանի հիշատակին: Միաժամանակ նա շեշտեց, որ մեծ պատիվ է նվագել հիսուն տարվա պատմություն ունեցող նվագախմբի հետ. «Շատ հաճելի է աշխատել նման պրոֆեսիոնալ և տաղանդավոր երաժիշտների հետ, ինչպես նաև ելույթ ունենալ հայ հանդիսատեսի համար»,-ասաց նա:
Համերգին մասնակցել է նաև Ստամբոլցյանի աշակերտուհին` Աննա Բակունցը, ով երգեհոնի և նվագախմբի համար կոնցերտը նվիրեց հոր` Ակսել Բակունցի և իր ուսուցիչ Վահագն Ստամբոլցյանի հիշատակին:
Համերգի ընթացքում հայ հանդիսատեսն ունկնդրեց հազվադեպ կատարվող Հայդնի «Դիվերտիսմենտո»-ն, Անտոնին Դվորժակի «Սերենադ»-ը, և Հենդելի երգեհոնի և լարայինների համար կոնցերտը:






