AM
22 Փետրվար 2012 - 12:59 AMT

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը կնշի կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակը

Փետրվարի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) հանդես է գալու շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանի 50-ամյակին նվիրված համերգով: Ծրագրում հնչելու է Հալաջյանի Missa de Lumine ստեղծագործությունը: Նվագախմբի հետ ելույթ է ունենալու նաև Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Ռոբերտ Մլքեյան), մենակատարները կլինեն Սյուզաննա Մելքոնյանը (սոպրանո) և Գուրգեն Բավեյանը (բարիտոն):

Էդուարդ Թոփչյանը մամլո ասուլիսի ժամանակ նշեց, որ Հալաջյանն իր ընկերն է, սակայն անդրադառնալու են նրա գործերին, քանի որ դրանք հիանալի ստեղծագործություններ են: Մլքեյանն էլ իր հերթին հավելեց, որ Հալաջյանի ստեղծագործությունները բացառիկ որակի են, և այսօր շատ քիչ են խմբերքային ստեղծագործություն գրող լավ կոմպոզիտորները:

Շուրջ 2 տարվա ընթացքում գրած Missa de Lumine-ն պատահական ստեղծվեց: Sony ընկերությունը կոմպոզիտորին պատվիրել էր Domine deus ստեղծագործությունը, որի հիման վրա էլ կամաց-կամաց հավաքվեց ողջ ստեղծագործությունը: Այնտեղ ներառված են նաև հայերեն տեքստեր:

Շվեյցարաբնակ կոմպոզիտոր Դավիթ Հալաջյանը ծնվել է 1962 թ-ին Երևանում: Սովորել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիայում, կոմպոզիցիան` Էդգար Հովհաննիսյանի դասարանում, երաժշտական տեսությունը, դաշնամուրը և խմբավարությունը` Հակոբ Ոսկանյանի մոտ: Հալաջյանը ուսանողական տարիներին աշխատել է Ազգային ռադիոյում և հեռուստաընկերությունում որպես երաժշտական խմբագիր: 1985 թ-ին դարձել է ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, իսկ 1988-89- թթ-ին սովորել է Ռիգայում:

1991 թ-ին Հալաջյանը ուսումնասիրել է համակարգչային երաժշտություն Բազելի երաժշտական ակադեմիայում և Երաժշտական քոլեջում պրոֆեսոր Ջերալդ Բենեթի և Թոմաս Կեսսլերի մոտ: Ներկայումս նա բնակվում է Ցյուրիխում և դասավանդում է տեղի կոնսերվատորիայում: Բացի կոմպոզիտորական գործունեությունից, ղեկավարում է երգչախմբեր և նվագախմբեր, «Անանուն» երգչախմբի հետ ներկայացնում է փորձարարական երաժշտություն: Այնուամենայնիվ, նրա առաջին կոչումը կոմպոզիցիան է: Նրա ստեղծագործությունները հիմնված են հայկական ազգային մեղեդիների սկզբունքների վրա: Հալաջյանը բազմաթիվ կանտատների և այլ ստեղծագործությունների հեղինակ է: Նա նաև ներկայացումների և ֆիլմերի երաժշտության հեղինակ է: 1979 թ. նրա ստեղծագործությունն առաջին անգամ հնչեց ռադիոյով, Հալաջյանի ստեղծագործությունները հնչել են բազմաթիվ երկրներում` Ռուսաստանում, Ճապոնիայում, Շվեյցարիայում, Բելգիյաում և Կանադայում: Ձայնագրվել է մի շարք հեղինակային ստուդիաներում: