AM
23 Փետրվար 2012 - 05:34 AMT

«Ժառանգները». Ոչ ոք ապահովագրված չէ դավաճանված լինելուց, անգամ Ջորջ Քլունին

Ռեժիսոր Ալեքսանդր Փեյնի «Ժառանգները» ( The Descendants) ֆիլմը 2012 թվականի Օսկարի մրցանակաբաշխությանը ներկայացված է 5 անվանակարգերով`«Լավագույն ֆիլմ», «Տղամարդու լավագույն դերակատար», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն ադապտացված սցենար» և «Լավագույն մոնտաժ»:

Ֆիլմի դեպքերը ծավալվում են մեր օրերում: Հավայան կղզիներից մեկում ապրող հաջողակ իրավաբանը (Ջորջ Քլունի) կնոջ հետ պատահած դժբախտ դեպքից հետո ստիպված է մի կողմ թողնել իր անհոգ կյանքը և կատարել միայնակ հոր դժվարին պարտականությունը երկու ոչ պակաս դժվար տարիքում գտնվող աղջիկների համար: Բացի այդ պարզվում է, որ մահվան դեմ պայքարող իր կինը դավաճանել է իրեն:

Ընտանեկան դժբախտության ֆոնի վրա զարգացող դեպքերը, միմյանց նկատմամբ վերաբերմունքի և ընկալման փոփոխությունն ու զարգացումը ֆիլմում ներկայացված են շատ դինամիկ է և համոզիչ: Այն բարի, ընտանեկան ֆիլմ է, լավ առիթ հետևություններ անելու և ընդհանրապես հարաբերությունների մասին մտածելու համար:

Իհարկե շատերը կհամաձայնեն, որ աշխարհի շատ կանանց կուռքը դարձած Ջորջ Քլունիի համար այնքան էլ «սազական» չէ դավաճանված ամուսնու դերը: Բայց ճշմարտության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ Ջորջ Քլունիի ներկայությունը կինոակադեմիայի «Լավագույն տղամարդու դերակատարների» շարքում իզուր կամ պատահական չէ:

Ֆիլմում նկարահանվել են նաև Ջուդի Գրինը, Շեյլին Վուդլին, Ռոբերտ Ֆոսթերը, Բո Բրիջեսը և այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի դերասաններ: