Փետրվարի 24-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի «Ալեք Մանուկյան» սրահում տեղի է ունենալու «Երաժշտության փոխակերպում. «Կիթառի հերոսից» (Guitar Hero) մինչև ռոբոտային օպերա և ավելին» թեմայով սեմինար: Այն վարելու է Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտուտի պրոֆեսոր, կոմպոզիտոր և գյուտարար Թոդ Մաքովերը և իրականանալու է «Լույս» հիմնադրամի սեմինարաշարի շրջանակում:
Սեմինարների ավարտին տեղի կունենա մտքերի փոխանակում, քննարկում:
Երաժշտությունը մեծապես ազդում է մտքի և մարմնի վրա` մեզ լիովին պարուրելով: Սակայն տաղանդի կամ համապատասխան մասնագիտական հմտությունների բացակայության պատճառով շատերը զերծ են մնում երաժշտական գործ կատարելուց կամ երաժշտություն գրելուց:
Թոդ Մաքովերը կներկայացնի, թե ինչպես են նոր գործիքները և տեխնոլոգիան դռներ բացում երաժշտական արտահայտման համար` անիմացիոն օպերաներ, վիրտուոզությունը նմանակող խաղ` «Կիթառի հերոս», բժշկական սարքեր, որոնք երաժշտությունն օգտագործում են առողջության վերականգնման և ընդհանրապես ինքնազգացողությունը բարձրացնելու համար:
Նա նաև կբացատրի իր ձևավորած նոր երաժշտական համակարգը, որը միավորում է տարբեր սերունդների, աշխարհագրական դիրքի և տաղանդի տարբեր մակարդակ ունեցող անձանց` ինտեգրման առավել խորը և արդյունավետ փորձ փոխանցելու հասարակությանը և անհատներին:






