AM
23 Փետրվար 2012 - 08:28 AMT

Արծրուն Հովհաննիսյանը չի հավատում, որ վարժանքների քողարկման տակ Ադրբեջանը փորձում է պատերազմ սկսել

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է ԼՂՀ սահմանի մոտ անցկացվող ադրբեջանական զորավարժանքները: Ըստ նրա, ադրբեջանական վարժանքները 2 հիմնական նպատակ ունեն`փորձարկել և բարձրացնել ԶՈւ մարտական պատրաստվածությունը և հոգեբանական ազդեցություն թողնել ինչպես իր բնակչության, այնպես էլ հայկական կողմի վրա:

Ընդ որում, նա ընդգծել է, որ առայժմ չի կարող լիարժեք տեղեկություններ հաղորդել վարժանքների մասշտաբների և սցենարների վերաբերյալ, սակայն, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, դրանք համարվում են «աննախադեպ»:

Փորձագետը նաև ուշադրություն է դարձրել նրան, որ վարժանքներն անցկացվում են ձմռանը, հիշեցնելով, որ ղարաբաղյան պատերազմի ընթացքում Ադրբեջանը պարտություններ էր կրում հատկապես ձմեռային շրջանում: Այս համատեքստում Հովհաննիսյանն ընդգծել է, որ լավ կլիներ վարժանքներն անցկացնել մի քանի շաբաթ առաջ`խիստ սառնամանիքների ընթացքում:

Փորձագետն ընդգծել է, որ հնարավոր է վարժանքները կապված են Ադրբեջան թուրք բարձրաստիճան սպաների այցելության հետ, ինչպես նաև Իրանի, Սիրիայի մասին խոսակցությունների: Ընդ որում, փորձագետն ընդգծել է, որ այդ վարժանքները չեն կարող վերածվել Ղարաբաղի դեմ պատերազմի: Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմին, ապա Արծրուն Հովհաննիսյանն ընդգծել է, որ հրադադարը խախտելու համար Ադրբեջանին պատրվակ հարկավոր չէ: