AM
23 Փետրվար 2012 - 09:17 AMT

«Հովեր»-ի գեղարվեստական ղեկավարն արժանացել է մշակույթի նախարարության Ոսկե մեդալի

«Հովեր» երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար, արվեստի վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյանն արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալին: Մեդալը շնորհվել է երգչախմբի 20-ամյակին նվիրված համերգի ընթացքում` հայ երգչախմբային արվեստի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար:

«Հովեր» կամերային երգչախումբը ստեղծվել է 1992-ին: Երգչախմբի գլխավոր տնօրենն ու հիմնադիրը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դոցենտ Սոնա Հովհաննիսյանն է: «Հովերը» մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և մեծ ճանաչում ունի ողջ աշխարհում հոգևոր երաժշտությունը գնահատողների շրջանում:

Նորաստեղծ կամերային երգչախմբի առաջին փորձասենյակ-համերգասրահը Հովհաննիսյանի բնակարանն է եղել։ Տասնամյա դեգերումներից հետո միայն «Հովերը» ֆիլհարմոնիկում հիմնական աշխատատեղ ունեցավ։ Արտերկրում բարձր գնահատվելուց հետո էլ` ճանաչում հայրենիքում։ Հիմնադիր խմբավարի պրպտող միտքն ու համախմբող բնավորությունը փորձարարական տարատեսակ համագործակցությունը շուտով հարստացրին «Հովերի» երկացանկն ու ընդլայնեցին հանրահռչակման լսարանը։