Զորավարժությունները, որոնք անց են կացնում Ադրբեջանի զինված ուժերը, նորմերի շրջանակներում են: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը: Ըստ նրա, նման զորավարժություններ ամեն օր են անցկացվում ողջ աշխարհում: «Սակայն, ես հուսով եմ, որ ՀՀ ԶՈւ կվերլուծի ու հաշվի կառնի այդ հանգամանքները զորավարժությունների անցկացման ժամանակ»,-ասել է Ջամալյանը:
Փորձագետը հավաստիացրել է, որ խուճապի կարիք չկա: Նա նշել է մի շարք պատճառներ, որոնք ետ են պահում Բաքվին հարձակումից: «Մենք շարունակում ենք զինվորական հենակետերի ծավալումը Արցախի տարածքում: Մենք ռազմավարական կարևոր դիրք ենք զբաղեցնում, ինչը ևս նվազեցնում է Ադրբեջանի համար հաջող հարձակման հավանականությունը: Հենակետերը շատ են, դրա հետ է կապված նաև Ղարաբաղի տարածքում դիվերսիաների քանակի ավելացումը»,-ասել է նա՝ հավելելով, որ մեր գործողություններով «մենք խաղաղություն ենք պարտադրում Ադրբեջանին»: Ըստ Ջամալյանի, Հայաստանը չպետք է մոռանա, որ վտանգավոր թշնամի ունի իր կողքին:






