Երիտասարդ թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հայտնի դաշնակահարուհի Նորին Քեսեդի-Պոլերայի հետ այսօր` փետրվարի 23-ին համերգով հանդես կգա ԱՄՆ-ի Ռոքվիլում: Ինչպես հայտնում է washingtoncitypaper-ը, նրանք կատարելու են Ստրավինսկու Իտալական սյուիտը թավջութակի և դաշնամուրի համար, ինչպես նաև Գրիգի Կոնցերտը դաշնամուրի և թավջութակի համար: Համերգում հնչելու է նաև Ֆրանկի Կոնցերտը ջութակի և դաշնամուրի համար:
Նարեկ Հախնազարյանը ծնվել է 1988 թ. Երևանում: Ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան և կարճ ժամանակահատվածում դարձել միջազգային համբավ վայելող երաժիշտ: «Վաշինգտոն փոստ» թերթը նրան անվանել է ֆենոմենալ թավջութակահար: Նարեկ Հախնազարյանը մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցույթների և ամենուր արժանացել բարձր գնահատանքի: Նա ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում, Բոստոնում, Նյու Յորքում, Ֆլորիդայում, ինչպես նաև Տոկիոյում, Լոնդոնում, Փարիզում, Վիեննայում, Մոսկվայում, Երեւանում եւ աշխարհի այլ մայրաքաղաքներում։ Այժմ Հախնազարյանը Փասադենայի սիմֆոնիկ նվագախմբի մենակատարն է: 2011 թ-ին նա փայլուն հաղթանակ տարավ Չայկովսկու անվան միջազգային 14-րդ մրցույթում:






