AM
24 Փետրվար 2012 - 11:09 AMT

ՀՀ նախագահ. Լեգրանի նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է նրա երկու հայրենիքների կապը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանի ասպետ Միշել Լեգրանին՝ ծննդյան 80-ամյա հոբելյանի առթիվ: Ուղերձում ասված է

«Սիրելի՛ մաեստրո Լեգրան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:

Դուք մեծ ավանդ ունեք ժամանակակից երաժշտության զարգացման գործում, իսկ Ձեր ստեղծագործությունները կատարում են ամբողջ աշխարհում: Ձեզ նման վառ անհատականությունների շնորհիվ ամրապնդվել է Ձեր երկու հայրենիքների` Հայաստանի և Ֆրանսիայի կապը:

Ես մեծ ջերմությամբ եմ վերհիշում 2009 թվականի սեպտեմբերին Երևանում տեղի ունեցած մեր հանդիպումը: Վստահ եմ, որ առջևում մեզ նորանոր հանդիպումներ են սպասվում, հատկապես` Երևանում, քանի որ հայ ժողովուրդը սիրում է Ձեզ և հպարտանում Ձեզնով:

Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն և անսպառ եռանդ»: