AM
25 Փետրվար 2012 - 10:20 AMT

«Մարդը, որը փոխեց ամեն ինչ». «Սպորտ+ մաթեմատիկա+ հավանականության տեսություն»

Համաշխարհային սպորտի պատմության մեջ ժամանակ առ ժամանակ հայտնվել են անհատներ, որոնք իրենց նորամուծություններով հեղաշրջում են արել այս կամ այն սպորտաձևում: Ռեժիսոր Բենետ Միլլերի «Մարդը, որը փոխեց ամեն ինչ» ֆիլմը ԱՄՆ-ի Օքլենդ քաղաքի բեյսբոլային թիմի ու նրա ղեկավարի (Բրեդ Փիթ) մասին է, որն իր ճիշտ մարտավարությամբ կարողանում է գրեթե սնանկ թիմը հասցնել մինչև չեմպիոնական պատվանդան:

Դժվար թե Հայաստանում բեյսբոլի երկրպագուների մեծ բանակ հավաքվի, բայց պետք չէ հիասթափվել. ֆիլմն ինքնին ավելի շատ մարդկային հարաբերությունների, մարդու անսպառ հնարավորությունների մասին է: Բացի դրանից «սպորտ+ մաթեմատիկա+ հավանականության տեսություն» բանաձևը նոր խոսք է կինոյում և գրավում է ֆիլմի առաջին րոպեից մինչև վերջինը:

Ընտրված չափազանց հզոր դերասանական կազմն այնքան համոզիչ է ու սպորտային, որ տպավորություն է ստեղծվում, թե այն վավերագրական ֆիլմ է, դերասաններն էլ իրական սպորտսմեններ են, իրական մարզիչներ, իրական թիմի ղեկավարներ: Հարկ է նշել, որ ֆիլմի բյուջեն կազմել է 50 000 000 դոլար, և այն լիովին արդարացված է:

«Մարդը, որը փոխեց ամեն ինչ» կինոնկարը 2012 թվականի Օսկարին հավակնում է 6 անվանակարգերում՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն տղամարդու դերակատար», «Տղամարդու երկրորդ պլանի լավագույն դերակատար», «Լավագույն ադապտացված սցենար», «Լավագույն մոնտաժ» և «Լավագույն ձայն»: