Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) մասնակցությունը նոր գումարման Ազգային ժողովի աշխատանքներին կախված կլինի նրանից, թե ինչպես կանցնեն ընտրությունները: Այդ մասին Երևանում լրագրողներին է հայտարարել ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը: «Նույնիսկ եթե մենք միայն մեկ պատգամավոր ունենանք, իսկ ընտրությունները լինեն շատ ազատ ու արդար, մենք դա կընդունենքն որպես հանրության կողմից մեր գործունեության գնահատական: Եվ առաջինները կշնորհավորենք ընտրություններում հաղթած քաղաքական ուժին»,-ասել է նա:
Ըստ Մուսինյանի, եթե ընտրություններն անցնեն խախտումներով, ՀԱԿ-ը, որոշում կկայացնի ելնելով քաղաքական իրավիճակից:
ՀԱԿ ներկայացուցիչը հավելել է, որ արդար ու ազատ ընտրությունների հիմնական հակառակորդները լինելու են «Սերժ Սարգսյանի ռեժիմն» ու ՀՀԿ-ն, քանի որ հակառակ դեպքում նրանք չեն կարողանա հաղթել ընտրություններում:
2009թ. մայիսին կայացած Երևանի ավագանու ընտրություններում ՀԱԿ զբաղեցրեց 3-րդ տեղը, սակայն հրաժարվեց մանդատներից՝ պատճառաբանելով դա ընտրախախտումներով:






