Այսօր` փետրվարի 28-ին Երևանի պետական կամերային թատրոնի ցուցասրահում տեղի է ունենալու Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի գեղանկարչական աշխատանքների ցուցահանդեսը:
Ռուդոլֆ Խառատյանը բնիկ երևանցի է, սովորել է Գեղագիտական կենտրոնի քանդակի և գեղանկարչության բաժնում, ինչպես նաև Լևոն Վարդանյանի խմբում: Խառատյանը Հայաստանում հայտնի է իր ներդրումներով պարի մեջ` որպես առաջատար պարող Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, նաև որպես հեռուստատեսության կամերային բալետի գեղարվեստական ղեկավար խորեոգրաֆ: Այս ցուցահանդեսի ընթացքում Խառատյանը Հայաստանում կբացահայտվի նաև որպես գեղանկարիչ: Սկսած 1991թ-ից Խառատյանը հանդես է եկել անհատական ցուցահանդեսներով Ամերիկայում` Վաշինգտոնում, Նյու Յորքում, Մոնրեալում` Կանադա: Խռատյանը ներկայացել է նաև խմբակային ցուցահանդեսներով ԱՄՆ-ում, Կանադայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Իտալիայում և Եգիպտոսում: Նրա աշխատանքները ներառված են ԱՄՆ-ի, Կանադայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Հարավային Աֆրիկայի և Հայաստանի անհատական հավաքածուներում: Նրա աշխատանքները ընտրված են որպես հայկական գինիների պիտակ` Միացյալ Նահանգներ արտահանելու նպատակով:
Խառատյանը անհատական ցուցահանդես է ունեցել նաև Հայաստանում` 2011 թ-ի ապրիլի 1-15-ը «Ակադեմիա» պատկերասրահում:






