AM
9 April 2003 - 17:15 AMT

ԱԴՐԲԵՋԱՆՆ ԱՊԱՐԴՅՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՈՐՊԵՍ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԹՄՐԱԲԻԶՆԵՍԻ ՄԵՂՍԱԿԻՑ

Ադրբեջանական կողմն արդեն մի քանի տարի ապարդյուն փորձում է ներկայացնել Լեռնային Ղարաբաղը որպես միջազգային թմրաբիզնեսի եւ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղսակից, ինչպես նաեւ ներգրավել նրան բոլոր գլոբալ խնդիրների քննարկման մեջ, որոնք դառնում են համաշխարհային հանրության ուշադրության առարկա: Այդ մասին«Արմինֆո» գործակալությանն է հայտարարել Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Ձյունիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով` հայկական կողմը Հայաստանի – ԼՂՀ իշխանությունների մակարդակով բազմիցս հերքել է Լեռնային Ղարաբաղի մեղսակցությունը թմրանյութերի ապօրինի շրջանառության գործընթացին: Ինչպես նշել է Ձ. Աղաջանյանը, թմրանյութերի տարածման ուղիները ԼՂՀ տարծքով չեն անցնում, ինչի մասին իրենց զեկույցներում հաստատում են միջազգային կազմակերպությունները: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը հիշեցրել է, որ ի պատասխան նման մեղադրանքների ԼՂՀ ղեկավարությունը բազմիցս հանրապետություն է հրավիրել միջազգային փորձագետների, որպեսզի նրանք տեղում համոզվեն նման հայտարարությունների անհիմն լինելու մեջ: Սակայն փորձագետների Լեռնային Ղարաբաղ այցելելուն խոչընդոտել է ադրբեջանական կողմը, ընդգծել է Ձյունիկ Աղաջանյանը: