Մարտի 2-ին մեծ համերգով և ցուցահանդեսով բացվելու է «Նարեկացի» արվեստի միության միջոցառումների գարնանային ութերորդ շրջանը: Համախմբելով բազմաթիվ ականավոր երաժիշտների, գեղանկարիչների և լուսանկարիչների՝ «Գարնանամուտն ութերորդ»-ը ազդարարելու է նաև միության այս տարվա հագեցած ժամանակացույցի մեկնարկը, որի 35 շարքերի շրջանակում արդեն նախատեսված են 90 համերգ, վարպետության դաս, ցուցահանդես, ընծայում, հանդիպում արվեստի ականավոր գործիչների հետ և այլ միջոցառումներ:
«Գարնանամուտն ութերորդ»-ը ուղեկցվելու է յուրօրինակ մի ցուցահանդեսով, որ ներկայացնելու է հայ կերպարվեստի և լուսանկարչության մերօրյա ամենաակնառու ստեղծագործողների աշխատանքները. Հակոբ Հակոբյան, Ռոբերտ Էլիբեկյան, Արտո Չաքմաքչյան, Սարգիս Համալբաշյան և այլն: Միջոցառմանն ընդառաջ՝ հիշատակված բոլոր արվեստագետներն էլ ցուցադրվող իրենց աշխատանքները նվիրել են «Նարեկացի» արվեստի միությանը, որպես նիության ծավալած գործունեության բարձր գնահատանք:
Մեկնարկային միջոցառման համերգային բաժնում հեղինակային կատարումներով ելույթ են ունենալու Ռուբեն Հախվերդյանը, Վահան Արծրունին, Վարդան Գալստյանը, դաշնամուրի ջազային իմպրովիզացիաներով՝ Վահագն Հայրապետյանը և Ստեփան Շաքարյանը, դաշնամուրի դասական կատարումներով՝ Լևոն Իսկենյանը և Լևոն Կարապետյանը, իսկ վոկալ ելույթով՝ սոպրանո Հասմիկ Բաղդասարյանը:
Գարնանային միջոցառումների շրջանակներում արդեն նախատեսված են վարպետության 10 դաս ականավոր կոմպոզիտորների և երաժիշտների հետ, ժողովրդական և ազգագրական արվեստի 10 համերգ, հազվադեպ կատարվող կամերային երաժշտական գործերի 10 համերգ, ազգագրական պարի ու դրանց պատմությունը ներկայացնող 10 բաց դաս, մարզերում բնակվող արվեստագետների 2 ցուցահանդես, հաշմանդամություն ունեցող ստեղծագործողների 2 համերգ և 1 ցուցահանդես, մանկական ճանաչողական անիմացիաների 5 ցուցադրություն, տաղանդավոր երեխաների 3 համերգ, սկսնակ կատարողների 3 համերգ:
Ընթացիկ այս միջոցառումներից զատ՝ նախատեսված են բազմաթիվ հատուկ ծրագրեր, որոնց թվում՝ լեհական կինոյի տարվա մեկնարկը մարտի վերջին, որ «Նարեկացի»-ն իրականացնում է Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համատեղ:






