«Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնին այս տարի հարևան Վրաստանը ներկայացնելու է էքպերիմենտալ «Փսիխոզ 4.48» նախագիծը: Ինչպես մամլո ասուլիսում նշեց թատերական պրոդյուսեր Նինո Լապիաշվիլին, «Փսիխոզը» բեմադրվել է երկու դերասանի համար, սակայն հայկական փառատոնի ձևաչափին չհամապատասխանելու պատճառով այն փոփոխվել է, և վերածվել է մոնոներկայացման: Լապիաշվիլին չբացառեց, որ եթե ներկայացումը հաջողություն ունենա այդ ժանրում, հետագայում էլ կշարունակի այդ ճանապարհը: Պրոդյուսերի խոսքով դա մեծ փորձություն է լինելու դերասանուհու համար, որովհետև «մոնո»-ն ավելի բարդ ժանր է և մեծ վարպետություն է պահանջում:
«Փսիխոզ 4.48»-ը անգլիացի երիտասարդ դրամատուրգ Սառա Քեյնի գրված վերջին ստեղծագործությունն է: Այն համարվում է ժամանակակից դրամատուրգիայի պոստմոդեռնիստական ամենասկանդալային պիեսներից մեկը, որին բնորոշ են նաև աբսուրդի էլեմենտներ:
Տարիներ շարունակ Սառա Քեյնը տառապում էր մանիակալ-դեպրեսիվ փսիխոզով և բուժվում տարբեր հոգեբուժարաններում: 1999թ-ին, 28 տարեկան հասակում, դեպրեսիայի նոպայի սրացման ժամանակ Սառան հիվանդանոցի լոգարանում ինքնասպանության է դիմել:
Ստեղծագործության մեջ ակնհայտ է հեղինակի դեպրեսիայի աղբյուրը` անձի երկակիությունը: Հնարավոր է, որ հերոսուհու հենց այդպիսի հոգեվիճակն էլ առիթ հանդիսացավ երիտասարդ ստեղծագործական խմբի կողմից այն բեմադրելու համար: Ներկայացման ամբողջ ընթացքը նկարագրում է երկու «ես»-երի պայքարը: Թբիլիսիի թատրոնում ներկայացվող այս բեմադրության մեջ խաղում են 2 դերասանուհիներ` Ռուսուդան Մակաշվիլին և Մարի Կիտիան:
«Արմմոնո» մոնոներկայացումների 10-րդ միջազգային փառատոնը բացվեց փետրվարի 29-ին և շարունակվելու է մինչև մարտի 5-ը: Փառատոնին մասնակցելու են մոնոփառատոների ղեկավար-տնօրեններ, դերասաններից մի քանիսը փառատոնի շրջանակում վարպետության դասընթացներ կանցկացնեն Երևանի կինոյի եւ թատրոնի ինստիտուտի ուսանողների համար: «Արմմոնո»-ն առաջին անգամ անցկացվել է 2002 թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, տնօրենը` Մարիաննա Մխիթարյանը:






