AM
5 Մարտ 2012 - 08:34 AMT

Մեկնարկել է «Նոր ալիք» մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը

Մեկնարկել է «Նոր ալիք» միջազգային երաժշտական փառատոնի հայաստանյան նախընտրական փուլը: Ինչպես հայտնում է մրցույթի հայաստանյան գրասենյակը, մասնակցության հայտերն ընդունվում են մարտի 1-ից 24-ն ընկած ժամանակահատվածում: Մասնակցել կարող են բոլոր այն կատարողները, ովքեր իրենց երիտասարդ ու տաղանդավոր են համարում: Կիսաեզրափակիչ փուլն անցած 3-7 մասնակից կմեկնի Մոսկվա` մասնակցելու նախընտրական եզրափակիչ փուլին, որտեղ էլ կորոշվի «Նոր ալիքում» Հայաստանը ներկայացնող այս տարվա մասնակիցը:

Ապրիլի սկզբին Երևանում կկայանա հայաստանյան նախընտրական փուլի եզրափակիչ համերգը, որին ներկա կգտնվեն մրցույթի կազմում ընդգրկված ռուսական շոու-բիզնեսի ներկայացուցիչներ: Հայաստան կժամանի նաև մրցույթի պաշտոնական ժյուրին, որին կմինան ոլորտի հայաստանյան մասնագետներ և մրցույթի երաժշտական պրոդյուսերը: Մրցույթին արդեն մասնակցելու ցանկություն են հայտնել հայկական շոու-բիզնեսի հայտնի կատարողներ և խմբեր:

Մրցույթի կազմակերպման գաղափարի հեղինակները կոմպոզիտորներ Իգոր Կրուտոյն ու Ռայմոնդ Պաուլսն են: Այն անցկացվում է սկսած 2002 թվականից, որտեղ առաջին հաղթող է ճանաչվել ռուսական «Սմեշ» խումբը: Մրցույթի հիմնական նպատակը նոր անուններ բացահայտելն է: Տարբեր տարիներին Հայաստանը ներկայացրել են երգիչներ Էմմին, Ռազմիկ Ամյանը, Մհերը և այլոք: 2010 թ-ին մրցույթում հաղթանակ տարավ Սոնա Շահգելդյանը, իսկ 2011-ին Էրիկն արժանացավ «Հանդիսատեսի համակրանք» կոչմանը:

Մրցույթն անցկացվում էր Լատվիայի Յուրմալա քաղաքում, սակայն այս տարի այն տեղափոխվելու է այլ քաղաք, որի անունը դեռ հայտնի չէ: