Մարտի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշել է, որ անկարգությունները, որ օրերս տեղի ունեցան Ադրբեջանում, կապ չունեն տնտեսական, սոցիալական խնդիրների հետ, դա ազգային խնդիր է: «Ադրբեջանը կսպասի, պարզելու համար թե ովքեր են ընդվզման կազմակերպիչները, իսկ հետո հաշվեհարդար կտեսնի նրանց հետ իր հայտնի մեթոդներով»,-ասել է նա:
Նա նաև նշել է, որ առաջիկայում մեծ բախումներ Ադրբեջանում չեն լինի, սակայն կավելանան լարվածության օջախները, քանի որ քաղաքական ճնշումն Ադրբեջանի կողմից բնիկ ժողովրդների վրա ստիպում է նրանց ընդվզել:
Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի ԶՈւ երկու զինվորների սպանությանը, նշելով, որ դա ադրբեջանցիների ձեռքի գործն է, քանի որ նրանցից մեկը լեզգի էր ազգությամբ, մյուսը՝ ավար: «Այդպիսով Ադրբեջանը սկսել է պատժել բնիկ ժողովրդներին կատարվածի համար: Մարտի 1-ին Գուբայի փողոցները դուրս եկած տեղաբնակների մեծ մասը լեզգիներ էին, կամ ավարներ»:
Անկարգությունները Գուբայում հրահրվեցին շրջկոմի նախագահ Ռաուֆ Խաբիբովի ելույթով, որը մեղադրել էր շրջանի բնակիչներին «ծախու» լինելու մեջ:






