Հայազգի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ապրիլի 22-ին ելույթ է ունենալու Լոս Անջելեսում: Ինչպես հայտնում է Armenian pulse-ը, համերգը տեղի է ունենալու հանրահայտ Գիբսոն ամֆիթատրոնում: Այն կայանալու է Ազնավուրի ամերիկյան հյուրախաղերի շրջանակներում, որը կարող է վերջինը լինել նրա կարիերայում:
Շառլ Ազնավուրը (Շահնուր Ազնավուրյան) ծնվել է 1924 թ. մայիսի 22-ին Փարիզում, Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայ գաղթականների ընտանիքում: Ազնավուրի մայրը ծագումով թուրքաբնակ հայ առևտրականների ընտանիքից էր, հայրը ծնվել էր Ռուսաստանի կայսրության Թիֆլիսի նահանգում: Նրա ծնողները 1920-ականներին տարագրվում են Ռուսաստանից Ֆրանսիա` Փարիզ:
9 տարեկանից Ազնավուրը երգել է և հանդես եկել բեմում, իսկ 1936-ին առաջին անգամ նկարահանվել է կինոյում:
Սկզբնական շրջանում Ազնավուրը հանդես էր գալիս կոմպոզիտոր Պիեռ Ռոշեի հետ: Նրանց նկատում է Էդիթ Պիաֆն ու բեմական ճանապարհ հարթում երիտասարդների համար: 1946թ. նրանք մասնակցում են Ֆրանսիայում և ԱՄՆ-ում Պիաֆի շրջագայությանը: Այդ ժամանակից ի վեր սկսվում է Ազնավուրի`որպես երգչի առաջխաղացումը: Նրա կյանքում վճռական բեկումը սկսվում է 1956թ.-ից` Կասաբլանկայում և Փարիզում, որտեղ օրը երեք անգամ համերգներ էր տալիս Օլիմպիա հայտնի համերգասրահում: 1960-ականների սկզբին Ազնավուրը համերգներով հանդես է գալիս Նյու Յորքի Քարնեգի հոլ և Ambasador Hotel համերգասրահներում, իսկ ավելի ուշ Ֆրենկ Սինատրայի Reprise Records ֆիրմայում թողարկում է իր առաջին ամերիկյան ալբոմը:
Ազնավուրը շուրջ հազար երգերի հեղինակ է, որոնք կատարել ու կատարում է ինչպես ինքը, այնպես էլ Ռեյ Չարլզը, Բոբ Դիլանը, Լայզա Մինելին, Հուլիո Իգլեսիասը և այլք:
Ազնավուրը զուգերգով հանդես է եկել Ֆրենկ Սինատրայի, Սելին Դիոնի, Լուչիանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Պատրիսիա Կաասի, Էլեն Սեգարայի հետ: Նա նկարահանվել է շուրջ 60 ֆիլմում և վաճառել է շուրջ 100 մլն սկավառակ:
Ըստ «TIme» ամսագրի ու CNN-ի համատեղ հարցման (1998թ.), Ազնավուրը ճանաչվել է XX դարի էստրադային երգի լավագույն կատարողը: 2008թ. դեկտեմբերի 26-ին Շառլ Ազնավուրը դառնում է Հայաստանի քաղաքացի: Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրում քաղաքացիություն շնորհելու մասին ոչ միայն Ազնավուրին, այլև նրա իմպրեսարիո Լևոն Սայանին: 2009թ. մայիսի 5-ից Ազնավուրը նշանակվում է Հայաստանի դեսպան Շվեյցարիայում եւ երկրի մշտական ներկայացուցիչ` ՄԱԿ-ի կենտրոնակայանում: