AM
5 Մարտ 2012 - 09:45 AMT

Հայկ Մելիքյանն արժանացել է Օրլեանի դաշնակահարների մրցույթի հատուկ մրցանակին

Դաշնակահար Հայկ Մելիքյանն արժանացել է Ֆրանսիայի Օրլեան քաղաքում կայացած դաշնակահարների միջազգային 10-րդ մրցույթի հատուկ մրցանակին: Մրցույթը կայացել է փետրվարի 23-ից մարտի 4-ը: Այն աշխարհի 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը նվիրված ամենահեղինակավոր դաշնամուրային մրցույթն է: Մրցույթի առանձնահատկությունը նաև տարիքային լայն շրջանակն է, որը հնարավորություն է ընձեռում համաշխարհային ճանաչում ունեցող դաշնակահարներին հանդես գալու այդ մրցույթում: Այս տարի մրցույթին մասնակցել են 27 դաշնակահարներ, այդ թվում նաև Հայաստանը ներկայացնող և համաշխարհային մեծ ճանաչում վայելող դաշնակահար Հայկ Մելիքյանը: Մարտի 4-ին կայացած եզրափակիչ փուլում նա արժանացել է կոմպոզիտոր Անդրե Բուկուրեշլիևի ֆոնդի հեղինակավոր մրցանակին` Orion III ստեղծագործության լավագույն կատարման համար:

Դաշնակահարը հեռախոսազրույցում նշել է. «Երբ կիսաեզրափակիչ փուլում նվագեցի Հարություն Դելլալյանի «Նվիրում Կոմիտասին» սոնատը, այդ օրը բոլորը խոսում էին այս ստեղծագործությունից: Ժյուրիի անդամները և մյուս մասնակցիները սկսեցին մեծ հետաքրքրությամբ հարցեր տալ կոմպոզիտորի և ստողծագործության նոտաների վերաբերյալ: Ես մեծ հպարտություն էի ապրում, որ հայ երաժշտությունն ընկալվեց և գերեց ունկնդրին»:

Անդրե Բուկուրեշլիևը ֆրանսիացի ճանաչված դաշնակահար է, կոմպոզիտոր և երաժիշտ: Ծնվել է Սոֆիայում (Բուլղարիա), այնուհետև տեղափոխվել է Փարիզ և մինչ կյանքի վերջ ապրել և ստեղծագործել է այնտեղ: Նրա մահից հետո նրա կինը հիմնել է ամուսնու անվան ֆոնդ, որն ամեն տարի միջազգային մրցույթներում մրցանակներ է շնորհում Բուկուրեշլիևի ստեղծագործությունների լավագույն կատարումների համար:

Նշենք նաև, 2008թ. դաշնակահարն այս մրցույթից նույնպես վերադարձավ դաշնակահար Սամսոն Ֆրանսուայի անվան մրցանակով:

Հայաստանը մրցույթում ներկայացրել է նաև դաշնակահարուհի Վարդուհի Երիցյանը: