AM
6 March 2012 - 05:33 AMT

Անվանի թավջութակահար Ռամոն Յաֆֆեն ելույթ է ունենալու Երևանում

Մարտի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի է ունենալու Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և անվանի թավջութակահար Ռամոն Յաֆֆեի (Գերմանիա) համատեղ համերգը:

Մենակատարի մասնակցությամբ երաժշտասերների դատին է հանձնվելու Է. Բլոխի «Շելոմո» և Լ. Բերնսթայնի «3 Մեդիտացիա» ստեղծագործությունները: Համերգում հնչելու են նաև Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» բալետից հատվածներ:

Ռամոն Յաֆֆեն ծնվել է 1962-ին Ռիգայում: 1971-ին տեղափոխվել է Իսրայել, իսկ 1974-ին` Գերմանիա: Նրա ուսուցիչների թվում են Բ.Պերգամենշիկովը, Դ.Գերինգասը, Դ.Շաֆրանը և Ս.Վեգը:

Միջազգային German Musical Competition (1984) և Casals Competition in Budapest (1985) և այլ մրցույթների դափնեկիր է: Կամերային երաժշտության նվիրյալ Ռ.Յաֆֆեն մասնակցել է Belcanto Strings և Mendelssohn Trio Berlin տրիո-անսամբլների աշխատանքին, համագործակցել Ի.Վերմիլյոնի, Ե. Բրոնֆմանի, Ա.Մուստոնենի, Ա.Ֆրյոլիխի, Յու.Ռախլինի և բազմաթիվ այլ անվանի երաժիշտների հետ: Յաֆֆեն Տիրոլի Հոփֆգարտեն և Նիդերլանդների Միդելբուրգ կամերային երաժշտության փառատոների գեղարվեստական ղեկավարն է: Ելույթ է ունեցել Բեռլինի DSO & BSO, Սանկտ Պետերբուրգի ֆիլհարմոնիկ, Բեռլինի և Համբուրգի սիմֆոնիկ, Զալցբուրգի Camerata Academica,Վիոննայի Ռադիոյի սիմֆոնիկ նվագախմբի, Զալցբուրգի Mozarteum նվագախմբի ևայլ հայտնի նվագախմբերի հետ (դիրիժորների թվում` Ա.Բորեյկո, Ա.Մուստոնոն, Մ.Յուրովսկի, Լ.Սեգերշտամ և ուրիշներ):

Մասնակցել է համաշխարհային հեղինակություն ունեցող փառատոների` Wiener Festwochen, Schleswig-Holstein Festival, Rheingau Festival, WՖrzburg Mozart Festival, Open Chamber Music Prussia Cove (Մեծ Բրիտանիա), D. Oistrakh-Festival (Էստոնիա), Schubertiade Roskilde (Դանիա), Mecklenburg-Vorpommern Festival, Stuttgarter Bachtage, Steirischer Herbst (Գրաց), Kuhmo Chamber Music Festival (Ֆինլանդիա) և այլ փառատոներ: Նրա համերգները հեռարձակվում են հեռուստատեսությամբ և ռադիոյով, թողարկել է բազմաթիվ CD-ներ (այդ թվում Վերդիի, Ռոսինիի, Վեբերի, Աուբերի, Ռ.Շտրաուսի, Դվորժակի, Բլախերի գործերի կատարումներով): Կիթառահար Պեդրո Բականի համագործակցությամբ Յաֆֆեն կատարում է ֆլամենկո ոճի երաժշտություն, այդ թվում Իսպանիայի և Ֆրանսիայի ֆլամենկո երաժշտության փառատոներում: 2006-ին Ռ.Յաֆֆեն հիմնել է «Ռամոն Յաֆֆե տրիո»-ն (թավջութակ, ֆլամենկո կիթառ և ֆլամենկո պար): Նա մշտապես ելույթներ է ունենում Շրի Լանկայի սիթար գործիքի վիրտուոզ Պրադեպ Ռատնայակեի հետ: