Այսօր` մարտի 6-ին տեղի է ունեցել արվեստաբան Հենրիկ Իգիթյանի (1932-2009) 80-ամյա հոբելյանին նվիրված «Հայաստանի ժամանակակից արվեստի թանգարանը» գրքի շնորհանդեսը:
Ռուսերեն և անգլերեն տարբերակներով հրատարակված գիրք-ալբոմում ներկայացված են թանգարանի հիմնադրման պատմությունը, ինչպես նաև 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի նկարիչների ու քանդակագործների թանգարանում ցուցադրվող և արվեստասերներին դեռևս անհայտ աշխատանքներ:
Շնորհանդեսի շրջանակում հյուրերը դիտել են նաև Հենրիկ Իգիթյանի մասին պատմող «Արվեստակիրներ» փաստավավերագրական տեսաֆիլմը, որը ստեղծվել է արվեստաբանի վերջին հարցազրույցի հիման վրա, որով էլ ամբողջացվում է Հենրիկ Իգիթյան մարդու, արվեստաբանի և քաղաքացու կերպարը:
Միջոցառմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Սամվել Նիկոյանը, ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ինչպես նաև Հենրիկ Իգիթյանի ընկերներն ու նրա աշխատանքը գնահատող այլ արվեստի գործիչներ:
Արվեստաբանի եղբայր, ճարտարապետ Լևոն Իգիթյանը, կարևորելով թանգարանի դերն ու նշանակությունը հայկական մշակութային ժառանգության մեջ, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին` 2011 թվականի տարեվերջին թանգարանի ջեռուցման անհատական համակարգի տեղադրման և արվեստի գործերի փրկության համար:






