AM
7 Մարտ 2012 - 15:42 AMT

Սոնա Շահգելդյան. Պետք էր ի սկզբանե հրաժարվել «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելուց

Երգչուհի Սոնա Շահգելդյանը գտնում է, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է միանգամից հրաժարվեր Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ 2012»-ին մասնակցելուց: PanARMENIAN.Net ի թղթակցին երգչուհին ասաց, որ մեծ դժբախտություն չէ, որ Հայաստանն այս տարի չի մասնակցելու մրցույթին: Նա նաև գտնում է, որ որոշումը մի քանի մարդիկ են կայացրել, և պետք էր սկզբից հաշվի առնել մարդկանց կարծիքները: Նա նաև նշեց, որ չի պատկանում այն երգիչների թվին, ովքեր ստորագրել են մրցույթը բոյկոտելու կոչը:

Հիշեցնենք, որ հայ էստրադային երգիչները բոյկոտում են մրցույթը, և չեն ցանկանում գնալ Բաքու: Փոխարենը մի քանի օտարազգիներ ցանկանում են ներկայացնել Հայաստանն այդ մրցույթում: Ադրբեջանական Էլլա և Նիկկի դուետը 2011թ-ի մայիսի 15-ին դարձավ Եվրատեսիլի հաղթող: Երկրորդ տեղը գրավեց իտալացի մասնակից Ռաֆայել Գուալազզին Madness Of Love երգով, իսկ երրորդ տեղում է Էրիկ Սաադը Շվեդիայից Popular երգով: Մայիսի 10-ին Դյուսելդորֆում կայացավ «Եվրատեսիլ 2011» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Էմմին հանդես եկավ 4-րդ համարի տակ և մրցույթում ներկայացրեց «Boom-Boom» երգը և չանցավ եզրափակիչ փուլ: Հայաստանը մի քանի ամիս որոշում էր, մասնակցե՞լ Բաքվում կայանալիք մրցույթին, թե ոչ:

Հանրային հեռուստաընկերությունը Բաքվից և Եվրոպական հեռարձակողների միությունից (EBU) անվտանգության լուրջ երաշխիքներ էր պահանջում:

Հունվարի 17-ին EBU-ն մրցույթի պաշտոնական կայքում տեղադրեց մրցույթի մասնակից երկրների ցանկը, որտեղ նշված է նաև Հայաստանի անունը: Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը նշեց, որ Հայաստանը Եվրոպական հեռարձակողների միության լիիրավ անդամ է և Բաքվում կայանալիք մրցույթին մասնակցելը դրա ապացույցն է: Այնուամենայնիվ EBU-ն հայտնեց, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվել է մասնակցել մրցույթին:

«Եվրատեսիլ 2012»-ի կիսաեզրափակիչ փուլերը կայանալու են մայիսի 22-ին և 24-ին, եզրափակիչը` մայիսի 26-ին: