AM
9 Մարտ 2012 - 11:39 AMT

ՀՀԿ-ում պատժել են Արթուր Հարությունյանին Ծառուկյանի հետ ընդհարման համար

Մարտի 8-ին տեղի է ունեցել Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստը, որի ժամանակ քննարկվել են կազմակերպչական և մի շարք այլ հարցեր: Ինչպես հաղորդում է ՀՀԿ մամլո ծառայությունը, ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Հովիկ Աբրահամյանին հաստատել ՀՀԿ ընտրական շտաբի պետի պաշտոնում:

Նիստում Գործադիր մարմինը հավանության արժանացրեց ՀՀԿ առաջիկա 13-րդ համագումարում ՀՀԿ նախագահի հաշվետվությունը իր և գործադիր մարմնի գործունեության մասին, համագումարի բանաձևի նախագիծը:

Նիստում քննարկվեց ՀՀԿ Աբովյանի շրջանային կազմակերպության անդամ Արթուր Հարությունյանի կուսակցական վարքագիծը: «Համարելով, որ միջանձնային հարաբերությունները երբեք չի կարելի տեղափոխել քաղաքական հարթություն, որ հատկապես անթույլատրելի են կոալիցիոն գործընկերների հանդեպ ոչ կոռեկտ արտահայտությունները, ՀՀԿ գործադիր մարմինը որոշեց Արթուր Հարությունյանին ՀՀԿ անդամին ոչ վայել վարքագծի համար հայտարարել խիստ նկատողություն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Արթուր Հարությունյանը, ով հայտնի է «Պալաչ» մականունով, «Բարգավաճ Հայաստան» կոալիցիոն կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկն է և նրա մերձավորներից մեկն էր, սակայն վերջերս ՀՀԿ անդամ է դարձել: Մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն` վերջերս նա տարաձայնություններ ուներ Գագիկ Ծառուկյանի հետ և մարտի 3-ին «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում այդ տարաձայնությունները բացատրել էր տարբեր քաղաքական կողմնորոշումներով և ոչ կոռեկտ արտահայտվել «Բարգավաճ Հայաստանի» հասցեին: