AM
12 Մարտ 2012 - 08:35 AMT

Ազգային պատկերասրահում հայտնի նկարիչների կտավներով ներկայացվելու է 19-րդ դարի նորաձևությունը

Մարտի 14-ին Հայաստանի ազգային պատկերասրահում բացվելու է «Նորաձևությունն արվեստում» պայմանական խորագիրը կրող ցուցահանդեսը:

Այն կազմակերպել են Հայաստանի ազգային պատկերասրահը և «Կոսմոպոլիտան Հայաստան» ամսագիրը:

Ցուցահանդեսում, հիմնականում, տեղ են գտել վրձնի մեծ վարպետների կերտած կանանց կերպարները:

Ցուցահանդեսի նպատակն է հանրությանը ներկայացնել անցյալի հայ իրականության մեջ ընդունված հագուստը, ուստի ընտրված են 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի արվեստագետների` Վարդգես Սուրենյանցի, Ալեքսանդր Բաժբեուկ-Մելիքյանի, Երվանդ Քոչարի, Պետրոս Կոնտուրաջյանի, Մինաս Ավետիսյանի, Փարավոն Միրզոյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ, որոնցում հանդիսատեսը կտեսնի տարբեր ժամանակահատվածներին և հասարակության տարբեր խավերին հատուկ հանդերձանքներ:

Բացի գեղարվեստական բարձր արժեքից, այս ստեղծագործությունները ներկայացնում են նաև փաստա-վավերագրական արժեք: Ցուցադրությունում տեղ գտած նկարների միջոցով հանդիսատեսը պատկերացում կկազմի տարբեր կերպարների մասին և կծանոթանա նրանց հատուկ հագնվելու ձևի ու ոճերի հետ:

Ցուցահանդեսի օրերին նախատեսվում են արվեստին և նորաձևությանը վերաբերող քննարկումներ: