Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի հունիսին կայանալիք նստաշրջանում կլսվի ԵԽ-ի հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան: Նրա խոսքերով, եթե մինչ այդ Հայաստանը փոփոխություններ չմտցնի Քրեական օրենսգրքում եւ չվավերացնի Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիային կից 6-րդ արձանագրությունը, որը նախատեսում է մահապատժի լիակատար վերացում, ապա ԵԽԽՎ նստաշրջանում դա կարող է ընկալվել որպես երկրի կողմից ԵԽ հանդեպ ստանձնած պարտավորությունների չկատարում: Ն. Վուտովան ընդգծել է, որ այդ պարտավորության չկատարումը կարող է հանգեցնել Հայաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը: Մասնավորապես, նրա խոսքերով, դա կարող է լինել մեկ տարի ժամկետով ԵԽ-ում անդամության կասեցումը, ինչպես դա տեղի էր ունեցել Ռուսաստանի հետ` Չեչնիայի իրադարձությունների ժամանակ: Նատալյա Վուտովան հայտարարել է, որ Եվրախորհուրդը գոհ չէ Հայաստանի սահմանադրական բարեփոխումների փաթեթի այն մասից, որն առնչվում է քաղաքացիների ապրելու իրավունքին: Այդ կետը չի համապատասխանում հանրապետությունում մահապատժի լիակատար վերացման վերաբերյալ Եվրախորհրդի վենետիկյան հանձնաժողովի հանձնարարականներին: ԵԽ-ն պնդում է նաեւ փոփոխություններ մտցնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում` կանխելու համար հետագայում հանրահավաքներին եւ երթերին մասնակցող անձանց նոր ձերբակալությունների հնարավորությունը: Բացի դրանից, Եվրախորհուրդն անհրաժեշտ է համարում փոփոխություններ մտցնել նաեւ ոստիկանության մասին օրենքում եւ նոր օրենք ընդունել զանգվածային լրատվամիջոցների մասին: