«Զվարթնոցն» ու «Արմավիան» այս պահին շարունակում են բանակցությունները: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց «Արմավիայի» մամլո քարտուղար Նանա Ավետիսովան՝ հավելելով, որ կողմերը դեռևս համաձայնության չեն եկել. «Մենք շարունակում ենք թռիչքները զուտ մեր հաճախորդների շահերից ելնելով»:
ՔԱԳՎ մամուլի քարտուղար Նելլի Չերչինյանը երեկ հայտնել էր, որ Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աջակցությամբ «Զվարթնոց» օդանավակայանի և«Արմավիա» ավիաընկերության միջև կայացած հանդիպման արդյունքում պարզ է դարձավ, որ ընկերությունը շարունակելու է իր գործունեությունը նաև հետագայում: «Զվարթնոցը» զիջումների գնաց`ավիաընկերության համար սահմանելով պարտքերի մարման ժամանակացույց»,-հայտնել էր նա:
Միաժամանակ մամուլի քարտուղարը հայտնել է, որ «Արմավիան», պայմանավորվածությունների շրջանակում չվերթեր է իրականացնելու առանց հետաձգումների:
Մինչդեռ քիչ անց «Արմավիայի» լրատվական ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ոչ մի պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել և կողմերն էլ համապատասխան փաստաթուղթ չեն ստորագրել:






