Մարտի 15-ին Երևանի պետական համալսարանում մեկնարկ տրվեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատան համատեղ` «Երիտասարդները երիտասարդների համար» նախագծին: Մայր բուհի ուսանողները նվագախմբի կատարմամբ լսեցին «Խիզախ սիրտը», «Վեստսայդյան պատմություն», «Կարիբյան ծովի ծովահենները» և այլ հոլիվուդյան հայտնի ֆիլմերի մեղեդիները:
Համերգից հետո նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց հետևյալը. «Մենք կարևորում ենք մեր երիտասարդների շահագրգռվածությունը մեր երաժշտական կյանքում, և ընդհանրապես այն զանգվածի` ում համար մենք համերգ ենք տալիս»:
Սմբատյանը, փիլիսոփայորեն մոտենալով համալսարաններում կայացող ելույթներին, նշեց, որ համերգի միջոցով նրանք մերձենում են երիտասարդությանը, երիտասարդությունը` նվագախմբին:
Երևանի 8 բարձրագույն ուսումնական հաստատություններում իրականացվող նախագիծը նշանավորում է հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 20-ամյակը:
Համերգաշարը կրում է Hollywood Non-Stop խորագիրը: Նախագծի վերջին համերգը տեղի է ունենալու մարտի 27-ին` Հայաստանի Ամերիկյան համալսաանում:






